Home / Մեդիա / Дождь-ին Լատվիայում չեղարկեցին «ազգային անվտանգությանը սպառնալու» համար

Дождь-ին Լատվիայում չեղարկեցին «ազգային անվտանգությանը սպառնալու» համար

Դեկտեմբերի 6-ին Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը (NEPLP) որոշում է կայացրել չեղարկել Дождь հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը։ 

Միաժամանակ, Дождь հեռուստաալիքի գործադիր տնօրեն Նատալյա Սինդեևան իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում խնդրում է վերջին օրերին հեռուստաալիքը լքած լրագրողներին վերադառնալ, ասելով, որ զղջում է նրանց աշխատանքից հեռացնելու համար։ 

Դեկտեմբերի 1-ին Дождь-ի հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորոստելևը՝ Ռւսաստանում զորահավաքի ժամանակ կատարվող խախտումներից խոսելիս ուղիղ եթերում ասել է, որ հեռուստաալիքին հաջողվել է օգնել ռուսաստանցի զինծառայողներին։ Дождь-ը հեռացրել է աշխատանքից Կորոստելևին, ինչից հետո հեռուստաալիքը որոշել են լքել նաև վետերան Վլադիմիր Ռոմենսկին և լրագրող Մարգարիտա Լյուտովան։

Ըստ NEPLP-ի ղեկավար Իվար Աբոլինշի պատճառաբանության, Дождь-ը սպառնում է ազգային անվտանգությանը և հանրային կանոնակարգին։ Աբոլինշը հայտարարել է, որ որոշումը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ հավելելով, որ այն կարող է բողոքարկվել։

Дождь-ի լրագրողները հայտարարել են, որ մեղադրանքներն անարդար և աբսուրդային են համարում, և շարունակելու են իրենց աշխատանքը՝ արդեն միայն յութուբյան ալիքում։ Միաժամանակ NEPLP-ը պատրաստվում է պահանջել, որ Լատվիայի տարածքում արգելափակվի նաև յութուբյան ալիքը։ 

Սինդեևայի խոսքերով, լատվիական իշխանությունների որոշման արդյունքում հեռուստաալիքը կկորցնի եկամտի 20%-ը, որը ստանում էր կաբելային հեռուստաարձակումից։ Նա նաև նշել է, որ հեռուստաալիքը կփորձի լիցենզիա ստանալ այլ երկրում։

NEPLP-ը հայտարարել է, որ լիցենզիայի չեղարկման որոշումը վերաբերում է միայն Дождь-ին և Լատվիա տեղափոխված մյուս ռուսական անկախ լրատվամիջոցները կարող են անփոփոխ կերպով շարունակել իրենց աշխատանքը։

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Meduza գործակալությունը հրապարակել է հայտարարություն, որում համերաշխություն է հայտնում Дождь-ի լրագրողներին և որոշումն անվանում «անարդար, սխալ և նշվող ձևական խախտումներին չհամապատասխանող»։ Հայտարարությունը ստորագրել են մի շարք լրագրողներ և խմբագրություններ (Эхo Москвы, DOXA, Новая Газета, Медиазона, The Insider և այլն)։

Ռուսատանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշել է մեկնաբանել կատարվածը․ «Անընդհատ ինչ-որ մեկին թվում է, թե ինչ-որ տեղ ավելի լավ է քան տանը։ Եվ անընդհատ ինչ-որ մեկին թվում է, որ ինչ-որ տեղ ազատություն է, իսկ տանը՝ անազատություն։ Սա այդ պատրանքների սխալականությունը ցուցադրող վառ օրինակներից մեկն է»։

Ինչում է մեղադրվում Дождь-ը

Իվար Աբոլինշը թվարկել է հեռուստաալիքի կողմից իրականացված խախտումները․

— Հեռուստաալիքում բացակայում է հեռարձակման համար Լատվիայի պետական լեզվով թարգմանությունը
— Եթերում ցուցադրել են քարտեզ, որտեղ Ղրիմն ընդգրկված է Ռուսաստանի կազմում
— Հեռուստահաղորդավարը ռուսական բանակն անվանել է «մեր բանակ»
— Եթերում, հնարավոր է, ռուսական բանակին աջակցելու արտահայտություններ են արվել

Աբոլինշի խոսքերով՝ որոշումն ընդունելիս հաշվի են առնվել Լատվիայի պետական անվտանգության ծառայության կողմից տրամադրված տվյալները, սակայն չի նշել՝ ինչ տվյալների մասին է խոսքը։ Գերատեսչության ղեկավարի խոսքերով, հեռուստաալիքը չի ընկալում իր կողմից կատարված խախտումների լրջությունը։

Դեկտեմբերի սկզբին հեռուստաալիքը Լատվիայում 10 հազար եվրո տուգանք էր ստացել՝ ռուսական բանակը «մեր բանակ» անվանելու և Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ներկայացնող քարտեղը ուղիղ եթերում ցուցադրելու համար։ NEPLP-ը հայտարարել էր, որ դա հեռուստաալիքի երկրորդ խախտումն է վերջին ամիսների ընթացքում՝ առանց մանրամասնելու, թե որն էր առաջինը։ Գերատեսչությունը նշել էր, որ երրորդ խախտման դեպքում Дождь-ի հեռարձակման արտոնագիրը կարող է չեղարկվել։

Դեկտեմբերի 1-ին Дождь-ի հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորոստելևը՝ Ռուսաստանում զորահավաքի ժամանակ կատարվող խախտումներից խոսելիս ուղիղ եթերում ասել է, որ հեռուստաալիքին հաջողվել է օգնել ռուսաստանցի զինծառայողներին։ 

Дождь-ի ղեկավար կազմը ներողություն է խնդրել, և հաղորդել, որ Կորոստելևը, որին դեպքից հետո հեռացրել են աշխատանքից, իր խոսքերում սխալմունք է թույլ տվել, որը իրականությանը չի համապատասխանում։ Կորոստելևը նույնպես նշել էր, որ եթերում տեղի ունեցածը խոսքի սայթաքում էր։ 

Այնուամենայնիվ, ուկրաինացի ակտիվիստները և Լատվիայի իշխանությունները մեղադրել են հեռուստաալիքին՝ ռուսաստանցի զինծառայողներին օգնելու մեջ։ Եթերից հետո Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը Дождь-ի գործունեության հետ կապված ստուգումներ է սկսել։

Օգոստոսին հայտնի լատվիացի կինոռեժիսոր Ալվիս Հերմանիսը կոչ էր արել արգելել Дождь-ի լրագրողների աշխատանքը երկրում՝ Ռիգայի քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ սովետական քանդակները մայրաքաղաքում ոչնչացնելու մասին տրված հարցի պատճառով։ Սակայն, ինքը՝ քաղաքապետը հայտարարել է, որ հարցազրույցը կոռեկտ է եղել։ 

Дождь-ի արձագանքը

Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն դեկտեմբերի 6-ին Дождь-ի յութուբյան ալիքի եթերում խոսել է լրատվամիջոցին վերագրվող մեղադրանքների և հեռարձակման արտոնագիրը չեղարկելու լատվիական գերատեսչության որոշման մասին․

«Ես գրքերում կարդում էի, որ Արևմուտքում գոյություն ունի կողմերի մրցունակություն։ Ես կարդում էի, որ մեղադրվող կողմը իրավունք ունի իր փաստարկները բերել մեղադրանքի դեմ։ Ունե՞ր արդյոք նման հնարավորություն Дождь-ը։ Ոչ, չուներ։ Էլեկտրոնային մամուլի խորհրդի 30 րոպեանոց նիստին Дождь-ի ներկայացուցչին չեն հրավիրել։ 30 րոպեանոց նիստի արդյունքում հայտնվել է 14 էջանոց որոշում։ Էլեկտրոնային մեդիայի հարգարժան խորհրդի հարգարժան անդամների արագ գրելու ունակությանը կարելի է միայն նախանձել։

Անկասկած, այսօրվա որոշումը աբսուրդային է և առողջ դատողության հետ որևէ ընդհանուր բան չունի։ Պարոն Աբոլինշը՝ էլեկտրնային մամուլի խորհրդի նախագահը, պնդում է, որ Ալեքսեյ Կորոստելևի արտահայտությունները վտանգ են ներկայացնում Լատվիայի ազգային անվտանգությանը և հավելում՝ «Մենք համոզվել ենք, որ Дождь-ը չի ընկալում այս խախտումների կարևորությունը և լրջությունը»։

Սակայն ուրիշ ինչպե՞ս կարող էր լինել եթերում տեղի ունեցածի կարևորության և լրջության գիտակցումը, եթե ոչ անընդունելի արտահայտությունն արած աշխատակցի հեռացումը աշխատանքից։ Եվ բազմակի անգամ հաստատված դիրքորոշումը․ այդ խոսքերը ճշմարիտ չէին։ Եկեք ես մի անգամ էլ կրկնեմ, ինձ դժվար չէ։ 

Ալեքսեյ Կորոստելևի խոսքերը եթերում չեն արտացոլում ալիքի դիրքորոշումը և սխալ են և այդ խոսքերի համար Ալեքսեյ Կորոստելևը ենթարկվել է միակ հնարավոր պատասխանատվության՝ դադարեցվել է հեռուստաալիքի հետ նրա համագործակցությունը։ Այս դեպքում նրա հեռացումը հաստատում է եթերում նման արտահայտությունների անթույլատրելի լինելը և ցույց է տալիս, որ հեռուստաալիքը մերժում է նման արտահայտությունների հանդեպ անգամ սոլիդարության անարկը։ 

Ես կարող եմ երկար դատել խորհրդի բերած փաստարկների մասին։ Օրինակ, խորհրդի նախագահ Աբոլինշի այն պնդման մասին, որ Дождь-ը իր եղանակի տեսություններում բազմակի անգամ հրապարակել է Ռուսաստանի քարտեզը, որտեղ Ղրիմը Ռուսաստանի կազմում է։ Խնդիրը միայն նրանում է, որ «Եղանակի տեսությունը» Дождь-ում փակվել է դեռևս 2014 թվականին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մինչև Ղրիմի բռնազավթումը։ 

Կարելի է նաև մտորել «մեր բանակ» բառակապակցության մեջ բացահայտված խախտման մասին, որը հասցեագրված էր ռուսական լսարանին։ Մեր բանակը ռազմական հանցագործություններ է իրականացնում։ Ոչ թե Կենտավրոսի ալֆա մոլորակի բանակը, այլ մերը՝ ՌԴ քաղաքացիների բանակը ռազմական հանցագործություններ է իրագործում։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ 40 հազար ռազմական հանցագործություն փետրվարի 24-ից ի վեր։ Այստեղ որտե՞ղ է հնարավոր փառաբանություն գտնել․․․

․․․Дождь հեռուստաալիքը միշտ ելույթ է ունեցել, ունենում և կունենա Ղրիմի անօրինական բռնազավթման դեմ, Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայի վրա հարձակման դեմ, միշտ կանի ամեն հնարավոր բան, որ այդ մասին ճշմարտությունը ՌԴ-ում և դրանից դուրս հնարավորինս շատ մարդկանց հասնի։ Եվ դրան, ես լիովին վստահ եմ, մենք վստահ ենք, որ դրան կհասնենք։ Չնայած լատվիական գերատեսչության այսօրվա որոշման, մենք կշարունակենք պրոֆեսիոնալ կերպով աշխատել, եզրակացույթուններ անելով եթերում թույլ տված սխալներից, ինչպես արել ենք միշտ, և առանց քաղաքական կոնյուկտուրայի կողմից թելադրված որոշումների»:

Մարտի սկզբին Дождь-ը դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում, երբ «ռազմական ֆեյքերի» մասին նոր օրենքներ են ընդունվել, որոնց համաձայն լրագրողներին կարող էր քրեական պատասխանատվություն սպառնալ։ Ավելի ուշ Дождь-ին հաջողվել է հեռարձակման թույտվություն ստանալ և հուլիսի կեսերից վերսկսել հեռարձակումները Լատվիայում, որտեղ ռուսական պետական հեռուստաալիքները արգելված են՝ որպես քարոզչական։