հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ամուլսարի պահապանների առաջին պահանջը բավարարվեց․ Լիդիանի տնակները տարհանվում են

Ամուլսարի պահապանների առաջին պահանջը բավարարվեց․ Լիդիանի տնակները տարհանվում են

Դեպի Ամուլսար տանող ճանապարհին «Լիդիան Արմենիա»-ի կողմից օրեր առաջ տեղադրված վագոն-տնակները տարահանվում են։ Տարհանման որոշումը կայացրել են տեղական իշխանությունները՝ Վայոց ձորի ոստիկանության հետ համատեղ։ Այսպիսով, փաստացի, բավարարվում է օրեր շարունակ Ամուլսարում փողոց դուրս եկած քաղաքացիների առաջին պահանջը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը` «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ վերամբարձ կռունկներով դեպի Ամուլսար տանող ճանապարհից հանել էր բնակիչների տեղադրած տնակները և փոխարինել դրանք սեփական վագոն-տնակներով։

Տնակները տեղադրված էին Ջերմուկ-Վայք ճանապարհի եզրին։ Բնակիչները՝ հղվելով օրենքի համապատասխան դրույթին և տեղական իշխանությունների ու ոստիկանության կողմից ավելի վաղ արված չափագրումներին, պնդում էին, որ տարածքը, որտեղ տեղադրված են տնակները, համայնքային սեփականություն է, որը չի կարող  վարձակալվել մասնավոր ընկերության կողմից կամ օտարվել։ Լիդիանն իր հերթին պնդում էր, որ մայրուղուն կից տարածքները օրինական հիմքերով գնտվում են իր վերահոսկողության տակ։

Վայոց ձորի ոստիկանությունը վիճարկվող տարածքների առնչությամբ քրեական գործ է հարուցվել․ մարզային ոստիկանապետը օգոստոսի 4-ից սկիզբ առած ցույցերի ողջ ընթացքում հավաստիացնում էր, որ ճանապարհին հարող տարածքներն իսկապես վարձակալվել են Լիդիանի կողմից՝ միառժամանակ ընդգծելով, որ այդ գործարքի օրինականությունը մնում է հարցադրելի և ուսումնասիրվում է պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ցուցարարները քրեական գործի ավարտին սպասել, սակայն, չէին ցանկանում։ Նրանք մի քանի պահանջ էին առաջ քաշել․

— Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված՝ «Լիդիան Արմենիա»-ին պատկանող տնակները ։
— Հեռացնել սադրանքներ հրահրվող պահնորդներին Ամուլսար։ Մեկ ամիս շարունակ տեղացիներն անընդհատ ահազանգում են «Լիդիան Արմենիա»-ի վարձած զինված պահնորդների հրահրած սադրանքների մասին։ Նման սադրանք եղավ նաև ցույցերի ընթացքում․ օգոստոսի 5-ին պահնորդներից մի քանիսը ձերբակալվեցին, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։
— Լիարժեք որոշում կայացնել Ամուլսարի հարցի վերաբերյալ և չեղարկել ոստկու հանքի շահագործման ՇՄԱԳ-ը։

Առաջին պահանջը, փաստացի, մասնակիորեն բավարարվեց․ վիճարկվող տարածքից հեռացվում են ինչպես Լիդիանին, այնպես էլ Ամուլսարի պահապաններին պատկանող տնակները։ Լիդիանի տնակները կտեղափոխվեն 10 մետր հեռու՝ ընկերությանը պատկանող տարածքներ։ Ամուլսարի պահապանների վագոն-տնակներից մեկը կտեղափոխվի այնպիսի վայր, որ չխոչընդոտի երթևեկությանը, մնացածը տարածքից կհեռացվեն։

Տեղացիների փոխանցմամբ՝ ցույցերի ապագան դեռևս մնում է անորոշ։ Քանի դեռ բավարարված չեն մնացած պահանջները՝ ասել, որ բողոքի ցույցերը կավարտվեն, հնարավոր չէ։ Շարունակության վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա։

Նշենք, որ Ամուլսարում վերջին օրերին ընթացող ցույցերը պարբերաբար վերածվում էին քաշքշուկի։ Նեղ ճանապարհը, որտեղ տեղադրված էին Լիդիանի տնակները, զանգվածային ցույցի պայմաններում ինքնըստինքյան փակվում էր։ Ոստիկաններն այն ժամանակ առ ժամանակ փորձում էին բացել, ինչը պարբերաբար վերածվում էր քաշքշուկի, երբեմն մարդիկ էին ձերբակալվում, որոնք, որպես կանոն, կարճ ժամանակ անց առանց բաժին տեղափոխվելու ազատ էին արձակվում։

Օգոստոսի 5-ի երեկոյան, սակայն, իրավիճակը սրվեց․ բախումների հետևանքով 6 հոգի բերման ենթարկվեց Վայոց ձորի բաժին, իսկ Գնդեվազի բնակիչ Արթուր Գրիգորյանը ոտքի լուրջ վնասվացքով տեղափոխվեց հիվանդանոց․ ոստիկանական Վիլիսը նրան վրաերթի էր ենթարկել։