Home / Բնապահպանություն / Ամուլսարի ճգնաժամը կփորձեն մեղմել կառավարության հետ հանդիպումով (լրացված)

Ամուլսարի ճգնաժամը կփորձեն մեղմել կառավարության հետ հանդիպումով (լրացված)

Ոստիկանության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիա»-ի հետ քննարկում է ընկերության կողմից գիշերը տեղադրված տնակները հեռացնելու հարցը։ Հավաքվածները սպասում են զրույցի ավարտին։ Եթե ընկերությանը հաջողվի համոզել, ցուցարարները կհեռանան։ Հակառակ դեպքում՝ բողոքի ցույցը կշարունակվի։ Այս պահին տեղեկություններ կան, որ օգոստոսի 5-ին կառավարությունում հանդիպում տեղի կունենա Ամուլսարի պահապանների հետ․ քննարկվելու է վերջին շրջանի լարվածությունը և սարի ճակատագիրը։ Ակտիվիստները պահանջում են հանդիպում վարչապետի հետ, դեռ հայտնի չէ, թե ով է նրանց հյուրընկալելու։

Օգոստոսի 4-ի երեկոյան իրավիճակը դեպի Ամուլսար տանող ճանապարհին՝ Ամուլսարի պահպանների 2-րդ պոստի մոտ շարունակում էր լարված մնալ․ շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն ու տեղի բնակիչները պահանջում են հեռացնել «Լիդիան Արմենիա»-ի կողմից նախօրեին տեղադրված տնակները, չեղյալ համարել հանքի ՇՄԱԳ-ը և վերջ տալ պահնորդների սադրանքներին, որոնք չեն դադարում վերջիններիս՝ Ամուլսարում հայտնվելու պահից ի վեր։

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն այսօր ժամը 15։00-ից մոբիլիզացիա էր հայտարարել։ Անցած գիշեր «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայությունը` «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ վերամբարձ կռունկներով տեղահանել էր Ամուլսար տանող ճանապարհին՝ 1-ին և 2-րդ պոստերում բնակիչների տեղադրած տնակները։ Դրանց փոխարեն պահնորդները տեղադրեցին ընկերությանը պատկանող նոր տնակներ։

Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 18։00-ից Ամուլսար տանող ճանապարհին հավաքված էր մի քանի հարյուր հոգի․ և՛ տեղացիներ, և՛ Երևանից ժամանած մարդիկ։ Նույն ժամերին հայտնի դարձավ առաջին բերման ենթարկվածների մասին․ պատճառը, ենթադրաբար, ճանապարհը փակելն էր (բերման ենթարկելիս ոստիկանները, որպես կանոն, հիմքեր չէին նշում)։ Հենց դա է լարվածության պահպանման հիմնական պատճառը․ իրականում, կանգնելու այլ տեղ չկա էլ, – պատմել է լրագրողը, այդ իսկ պատճառով մարդիկ կուտակվել են հենց երթևեկելի մասում, որը ոստիկանները պարբերաբար ազատում են խցանման մեջ հայտնված ավտոմեքենաների համար։ Այդ ընթացքում քաշքշուկներ էին տեղի ունենում։

https://www.facebook.com/epressarm/videos/213590926762463/

Մեկ այլ միջադեպի ժամանակ ոստիկանական պատնեշ գոյացավ, որը պետք է թաքցներ կատարվողը լրագրողներից և ցուցարարներից։

https://www.facebook.com/epressarm/videos/952971831831931/

 

«Լիդիան»-ի պահնորդները, կուտակվելով տնակների ետնամասում, քար են նետել մոտեցած մարդկանց ուղղությամբ և հայհոյել։ Ոստիկաններին հաջողվեց կանխել հնարավոր բախումը՝ թույլ չտալով սադրանքից վրդովված մարդկանց առաջ գնալ։ 

Թղթակիցը հայտնում է, որ պահնորդային ծառայությունից առնվազն երկու հոգի բերման են ենթարկվել (տեսագրությունը՝ վերևում)։

Տեղում են նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Բարգավաճ Հայաստանում» խմբակցության անդամ Արման Աբովյանը, «Սասնա Ծռեր» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունների, Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները, ինչպես նաև «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։ Վերջինս երկար ժամանակ դուրս չէր գալիս ավտոմեքենայից, իսկ երբ որոշեց դա անել, բողոքի ցույցի մասնակիցները արագ ստիպեցին նրան հեռանալ․ մարդիկ թքում էին նախկին ոստիկանապետի խորհրդականի մեքենայի վրա և պահանջում լքել տարածքը։ Մալյանը հանձնվեց և հեռացավ։