Home / Բնապահպանություն / Ամուլսարում վերջին շրջանի լարվածության կապակցությամբ և ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը 

Ամուլսարում վերջին շրջանի լարվածության կապակցությամբ և ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը 

Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին (տեսեք այստեղ՝ https://bit.ly/3jkW62H)։

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը պարբերաբար նախազգուշացումներ է հնչեցնում, որ Ամուլսարի շուրջ հանքահենային հիմնական տակտիկան բռնի գործողություններ սադրելն է՝ ներքաշելով Ամուլսարի պահապաններին և դրանով հիմնավորելով ոստիկանական միջամտությունը։ Այս տակտիկան սնանկացած և նոր տերեր ունեցող ընկերությունն իրագործում է կապալառու խմբավորումների ու ընկերությունների միջոցով։ 

Այս լարումների ֆոնին ակտիվացել է Լիդիան Արմենիայի գովազդային բաժինը, որը վերջին օրերին վճարովի ռեպորտաժներ է պատվիրել հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների։ Գովազդային այս գրոհին միացել է նաև քաղաքական պատմության մեջ վաղուց մոռացության մատնված Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի պայքարի, բնապահպանների, ջերմուկցի պահապանների մասին զազրախոսություններ ու ստեր է գրում։

Այս համընկնումները պատահական չեն։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորման մասին մեր հավաքած տեղեկությունների ու Արամ Սարգսյանի բարձրացրած աղմուկի համընկնումների վրա։ 

Այսպես, հարձակվողական տակտիկայով դեպի Ամուլսար ներխուժող խմբավորման ներկայացուցիչները ներկայացել են իբրև «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ։ Ըստ իրենց հավաստումների, «Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի Լիդիան Արմենիայի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում ինչ-ինչ վերանորոգման աշխատանքներ կատարի, և նրանք պարբերաբար ներխուժման փորձեր են անում այդ պայմանագիրը կատարելու նպատակով։ Ընկերության հիմնադիրներից է Վայքի բնակիչ Արամ Կառլենի Մինասյանը, իսկ տնօրենը նրա որդին է՝ Կառլեն Արամի Մինասյանը: 

Իսկ ահա, թե ինչու է աղմկում Արամ Սարգսյանը, պարզ է դառնում նրա քաղաքական դաշինքի կազմն ուսումնասիրելով։ 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Էկո Բիլդինգ»-ի տնօրեն Կառլեն Մինասյանը ներառված էր «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում, որը գլխավորում էր Արամ Սարգսյանը: Կառլեն (Կարեն) Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում վերջին օրերին ակտիվորեն տարածում է Արամ Սարգսյանի՝ Ամուլսարի դիմադրական պայքարը վարկաբեկող հարցազրույցներն ու գրառումները: Կան նաև լուրեր, որ բացի Լիդիանի կապալառուների հետ այս քաղաքական կապերից, Արամ Սարգսյանին հետաքրքրում է նաև հանքի շահագործումը՝ որպես կիր մատակարարելու բիզնես հնարավորություն։

Ամուլսարի պայքարի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում հասկանալ Լիդիանի նոր տերերի ստրատեգիան և չդառնալ դրա մի մասը: Նրանք իրենց անունից գործողություններ չեն ձեռնարկում, սակայն փոխարենը ֆինանսապես շահագրգռում են տեղական ընկերությունների, նրանց «աշխատանքի պատվեր տալիս» Ամուլսարի տարածքում, որպեսզի վերջիններս հանուն իրենց շահույթի ամեն կերպ փորձեն աշխատանքներ սկսել Ամուլսարում: Մինչդեռ ինչպես հայտնի է, այս ծրագիրը կանխվել է Ջերմուկ համայնքի բնակիչների և բազմաթիվ այլ ակտիվ ու գիտակից մարդկանց ջանքերով, իսկ քանի դեռ ծրագիրը վերջնականորեն չի դադարեցվել ՀՀ կառավարության կողմից՝ դեպի լեռը տանող ճանապարհների մոտ շարունակում են հերթապահել Ամուլսարի պահապանները: Ուստի Ամուլսարում գումար վաստակելու նպատակ ունեցող տեղական ընկերություններն անխուսափելիորեն դիմադրության են հանդիպելու: 

Լիդիանի վերակազմակերպման արդյունքում նրա նոր տերերը դարձած ներդրումային ընկերությունները տեղի համայնքների բնակիչներին միմյանց դեմ դուրս բերելով նպատակ ունեն մի կողմից բախումներ հրահրել, բռնության սցենարներ սադրել և այդ ճանապարհով չեզոքացնել Ամուլսարի պահապաններից որոշներին ու խաթարել շարժման նկատմամբ հանրային համակրանքը, մյուս կողմից՝ աշխատանքի իմիտացիա ստեղծել Ամուլսարի տարածքում, ինչը նրանց իրավական գործիքներ կտա ներդրումային արբիտրաժի միջոցով Հայաստանից գումարներ կորզելու համար և մասամբ կհանդարտեցնի Լիդիանի դեմ ֆինանսական ու գույքային պահանջներ ներկայացնող պարտատերերին: Քանի դեռ Ամուլսարում դիմադրական պայքարի շնորհիվ ճանապարհները փակ են, արբիտրաժ մտնելու հնարավորություն Լիդիանի այս նոր տերերն ու ընկերությունները չունեն։ Կրկին շեշտում ենք, որ կարևոր է հասկանալ այս ստրատեգիան և չդառնալ այս բեմադրված սցենարի մասը:

Իսկ Արամ Սարգսյանին կոչ ենք անում այլ բիզնես հնարավորություններ փնտրել։

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Երևան, հուլիսի 22, 2020թ․