Home / Ոստիկանություն / Կենդանասեր ահաբեկչից ոչ ոք չտուժեց

Կենդանասեր ահաբեկչից ոչ ոք չտուժեց

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքում գիշերը ոստիկանությունը գրոհով վերցրել է զինված անձի կողմից գրավված ավտոբուսն ու ազատել պատանդ մնացած քաղաքացիներին, հայտնում է «Էխո Կավկազան»։

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ պատանդ վերցված քաղաքացիները գրոհի արդյունքում անվնաս են մնացել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրագործել էր ահաբեկչի պահանջներից մեկը։ Նա վիդեոուղերձ էր նկարահանել, որում ավտոբուսը գրաված զինված անձի թելադրած տեքստն է ասում։ «2005 թվականի «Երկրացիները ֆիլմը», նայեք բոլորդ», – օբյեկտիվի առաջ ասում է Զելենսկին։

ՆԳՆ փոխնապարար Անտոն Գերաշենկոն հայտնել է, որ այս ուղերձից հետո ավտոբուսից ազատ են արձակվել երեք պատանդներ՝ ծեր կին, դեռահաս և հղի կին։

Պատանդների ազատ արձակումից հետո Զելենսկին ֆիլմը նայելու կոչով ուղերձն իր էջից հեռացրել է։ «Մարդու կյանքը կարևրագույն արժեք է։ Այսօր մենք ոչ մեկին չկորցրեցինք»,- գրել է նախագահը։

Երեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքում զինված անձն ավտոբուս է գրավել և այնտեղ գտնվող 20 քաղաքացիներին պահել է պատանդի կարգավիճակում։ Ահաբեկիչն ինքն է ոստիկանություն զանգահարել ու ներկայացել որպես «Մաքսիմ Պլոխոյ» (Վատ Մաքսիմ)։ Նա տեղի ունեցածը «Հակահամակարգի օր» է անվանել, Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջել սոցիալական ցանցերում գրառումներ անել, ընդունելով, որ իրենք են ահաբեկիչը։ Նախագահ Զելենսկուց պահանջել է տեսաուղերձով մարդկանց կոչ անել դիտել 2005 թվականին նկարահանված «Երկրացիները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

Ավտոբուսը գրաված քաղաքացու իրական անվան մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինական լրատվականներում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մաքսիմ Պլոխոյ» անունով ներկայացածը քաղաքացի Մաքսիկ Կրիվոշն է։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, նա հրազենային զենք և պայթուցիկ նյութեր է ունեցել։ Իրավապահների կողմից ավտոբուսի գրոհի ժամանակ հայտնել է, որ քաղաքում մեկ այլ տեղ ևս պայթուցիկ նյութ է տեղադրել։