Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ստորագրել է հունիսի 30-ին խորհրդարանի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ֆեյսբուքի էի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ», – գրել է Փաշինյանը։
Ըստ այս փոփոխության, առաջարկվում է փոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը և թեկնածու առաջադրելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա՝ Հանրապետության նախագահին, այնուհետև՝ Դատավորների ընդհանուր խորհրդին։ Առաջարկվում է նաև կենսաթոշակի իրավունք սահմանել ՍԴ այն անդամ-դատավորների համար, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը։ Չեղարկվում է նաև ավելի վաղ հայտարարված և կորոնավիրուսային համավարակի պատճառով կասեցված Սահմանադրական հանրաքվեն։
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին հրաժարվել էր ստորագրել օրենքը։
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Նախագահ Սարգսյանը չէր ստորագրել օրենքը, բայցև չէր դիմել Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի կողմից ավելի վաղ ընդունված և նախագահ Սարգսյանի կողմից ստորագրված օրենքով՝ փաստացի կասեցվեցին ՍԴ նախագահի և այն դատավոր-անդամների լիազորությունները, որոնք՝ 2015 թվականին ընդունված Սահմանադրության անցումային դրույթներով, պաշտոնավարում էին ավելի երկար, քան սահմանված է Սահմանադրությամբ։ 12 տարուց ավել պաշտոնավարող դատավորների՝ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի, ՍԴ անդամներներ Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվել են։ Կասեցվել են նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Վերջինս կարող է շարունակել պաշտոնավարել ՍԴ դատավորի կարգավիճակում։
ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո։ Նոր նախագահը կպաշտոնավարի 6 տարի ժամկետով։