Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով իրավական հիմքեր են ստեղծվում հայտարարաված Սահմանադրական հանրաքվեն արտակարգ դրության ավարտից հետո հետ կանչելու կանչելու համար։
Օրինագիծը սահմանում է արտակարգ դրության մեկնարկից առաջ հայտարարված հանրաքվեի՝ արտակարգ դրության ավարտից հետո վերսկսման կամ դրա չեղարկման կարգը։ Գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում նշանակվում է նոր հանրաքվե: Ինչ ընթացակարգով է հանրաքվեն կասեցվում, հետագայում վերսկսում կամ չեղարկվում՝ օրենսդրորեն հստակեցված չէ։
Ընդունված նախագիծը հնարավորություն է ընձեռում այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, օրենքի ուժով կասեցնել հանրաքվեի հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները․ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ։
Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ նախագիծը հակասահմանադրական է համարում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ 20 րոպե ընդմիջում է խնդրել, այնուհետև դեմ քվեարկել նախագծին։
Նախագծերի փաթեթն ընդունվել է 83 կողմ, 16 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին խորհրդարանն ընդունել էր Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում էր կասեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը (երբ ուժի մեջ էին մտնում նոր՝ 2015 թ.-ին փոփոխված Սահմանադրության նորմերը) ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի ու 6 անդամների պաշտոնավարումը։ Ենթադրվում էր, որ հանրաքվեով փոփոխությունների ընդունման պարագայում գործող Սահմանադրական դատարանի բոլոր անդամների, բացառությամբ դատավորներ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի, լիազորությունները կհամարվեն դադարեցված։
Նախագահի որոշմամբ հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին և մարտի 17-ին՝ համավարակի և արտակարգ դրության բերումով, կասեցվել անորոշ ժամկետով։ Իշխող ուժը հայտարարել էր, որ համաճարակի տարածման պայմաններում առնվազն մեկ տարի հնարավոր չի լինի վերսկսել հանրաքվեի գործընթացը, ուստի՝ պետք է այլ լուծումներ փնտրել՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակը խորհրդարանի մակարդակում հանգուցալուծելու համար։ (Հանգուցալուծման նոր տարբերակների մասին ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս այլընտրանքը օրենսդրական փոփոխություններ էր պահաջում, որոնք իրավական հիմքեր կստեղծեին՝ արդեն իսկ նշանակված հանրաքվեն չեղարկելու համար։