Home / Ազգային ժողով / Հանրաքվեի և Սահմանադրական դատարանի անորոշ ճակատագիրը

Հանրաքվեի և Սահմանադրական դատարանի անորոշ ճակատագիրը

Փետրվարի 6-ին խորհրդարանն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում էր կասեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը (երբ ուժի մեջ էին մտնում նոր՝ 2015 թ.-ին փոփոխված Սահմանադրության նորմերը) ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի ու 6 անդամների պաշտոնավարումը։ Ենթադրվում էր, որ հանրաքվեով փոփոխությունների ընդունման պարագայում գործող Սահմանադրական դատարանի բոլոր անդամների, բացառությամբ դատավորներ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի, լիազորությունները կհամարվեն դադարեցված։ 

Նախագահի որոշմամբ հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին և մարտի 17-ին՝ համավարակի և արտակարգ դրության բերումով, կասեցվեց անորոշ ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին հայտարարեց, որ համավարակային ներկա դրությունը հաշվի առնելով՝ առնվազն մեկ տարի հնարավոր չի լինի հանրաքվե անցկացնել, ուստի՝ իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը խորհրդարանում լուծելու տարբերակները։

Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ նախարար Ռուստամ Բադասյանը ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, իսկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել էր՝ հարցերը վերաբերում են 

1) 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված, բայց փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելին, 

2) Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ որոշման շրջանակներին, 

3) նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

Ի՞նչ է սա ենթադրում։

1) 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված, բայց փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը․

Դիտարկվող տարբերակն, ի տարբերություն հանրաքվեի դրված տարբերակի, ենթադրում է ոչ թե մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված դատավորների լիազորությունների կասեցում (7 դատավորներ), այլ՝ 12 տարի և ավել պաշտոնավարած դատավորների և 6 տարի կամ ավել պաշտոնավարած Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների կասեցում (այս պահի դրությամբ՝ 2 դատավորներ, 2022-ին՝ ևս 2)։

2015 թվականին զանգվածային ընտակեղծիքների շնորհիվ ընդունվեծ Սահմանադրությամբ, որն, ի դեպ, հեղինակել է հենց ինքը՝ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարին, իսկ ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետ՝ 6 տարին: Նոր Սահմանադրության հեղինակները, սակայն, անցումային դրույթներով՝ Սահմանադրության 213 հոդվածով, որոշակի բացառություն են սահմանել, որի արդյունքում ստացվել է, որ մինչև 2018 թվականի ապրիլը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված դատավորները պաշտոնավարելու են ոչ թե 12 տարի, այլ՝ մինչև 65 տարեկան դառնալը ու թոշակի անցնելը։ Ճգնաժամի լուծման նոր տարբերակը ենթադրում է անցումային դրույթի դե ֆակտո վերացում և Սահմանադրության ընհանուր կարգավորման համահարթ կիրառում։

2) Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ որոշման շրջանակները․

Գործող Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը գնահատում է Սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը գործող Սահմանադրությանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ սա փակուղի է, քանի դեռ հստակեցված չեն շրջանակները, որոնց սահմաններում տեղի է ունենում համապատասխանության գնահատումը։ Ցանկացած փոփոխություն կարող է ճանաչվել գործող (իրավապաշտպանի խոսքերով՝ ոչ լեգիտիմ) Սահմանադրությանը չհամապատասխանող և կասեցվել։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը առաջարկում է այս «անհեթեթ կանոնակարգման» մեջ որոշակիություն մտցնել՝ հստակեցնելով Սահմանադրական դատարանի մասին օրենքը․ անհրաժեշտ է սահմանել կոնկրետ չափորոշիչներ, որոնցով գնահատվելու է Սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը գործող Սահմանադրությանը։ «Պետք է օրենքով հստակ ամրագրել, որ Սահմանադրական դատարանը պետք է գնահատի փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրության անփոխարինելի հոդվածներին և միայն անփոխարինելի հոդվածներին», – «Հոդված 3» ակումբի կողմից մայիսի 21-ին կազմակերպված քննարկմանը ասել էր իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ ՍԴ-ն գնահատակ տալ չի կարող․ «Չի կարող դատավորն ինքն իրեն դատել։ Եվ չի կարող սահմանադրական նախնական վերահսկողություն արվել Սահմանադրական մի փոփոխության վերաբերյալ, որը վերաբերվում է միայն և բացառապես նրանց, ովքեր պետք է տան դրա հետ կապված գնահատական։ Եվ այստեղ ուղղակի ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի մոտեցումը անցումային՝ 213-րդ հոդվածի փոփոխությունների հետ կապված անաչառ լինել չի կարող»։

Նշենք նաև, որ 2023 թվականին՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների հետ մեկտեղ նախատեսվում է անցակացնել Սահմանադրական լայնածավալ փոփոխությունների հանրաքվե։ Փոփոխությունների նախագիծը մշակող հանձնաժողովը դեռևս քննարկումների փուլում է։

3) համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությունները․

Անցումային 213-րդ հոդվածը փոփոխությունները Ազգային ժողովում քննարկման դնելու և Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու համար անհրաժեշտ է չեղարկել արդեն իսկ հայտարարված հանրաքվեն, ինչը, ըստ Դանիել Իոաննիսյանի, որոշակի փոփոխություններ է ենթադրում նաև Հանրաքվեի մասին օրենքում։

Երեկ՝ մայիսի 21-ին, կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով կանոնակարգվում է ռազմական և արտակարգ դրություն հայտարարելուց առաջ նշանակված հանրաքվեների կասեցման ընթացակարգը և սահմանվում է, արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն վերսկսբում է և անցկացվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը (կիրակի) որոշվում է նախագահի հրամանագրով, որը պետ է ընդունվի արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում։

Օրենքի փոփոխություններով սահմանվում է հայտարարված հանրաքվեի կասեցման կարգը։ Հայտարարավծ հանրաքվեն չեղարկելու իրավական ընթացակարգ դեռևս գոյություն չունի։

Արդարադատության նախարարությունը վերոնշյալ երեք հարցերի վերաբերյալ այժմ սպասում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանները կկանխորոշեն հետագա անելիքները․ իշխանությունները, ըստ էության, մտադիր են չեղարկել հանրաքվեն, Ազգային ժողովի միջոցով վերացնել Սահմանադրության 213 անցումային հոդվածը և հստակեցնել սահմանադրական նախնական վերահսկողության շրջանակները։