Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ Սահմանադրական փոփոխություններ են առաջարկում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման վերաբերյալ:
Առաջարկի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահն ու այն անդամները, որոնք նշանակվել են Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց առաջ, դադարում են պաշտոնավարել։ Այսինքն, ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է ավարտում պաշտոնավարման ժամկետը, այլև բոլոր դատավորները, բացառությամբ դատավոր Վահե Գրիգորյանի ու Արման Դիլանյանի, ովքեր ընտրվել են Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո:
Սահմանադրական դատարանի դատավոր կարող են առաջադրել հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:
«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում: ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն՝ ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը»,- նշվում է նախագծում:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի կողմ քվեարկություն: «Իմ քայլը» խմբակցությունն ունի հենց այդքան պատգամավոր։