Home / Ազգային ժողով / Վճարենք, որ չաշխատեն․ ՍԴ անդամների վաղ կեսաթոշակի օրինագիծն ընդունվեց

Վճարենք, որ չաշխատեն․ ՍԴ անդամների վաղ կեսաթոշակի օրինագիծն ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի անդամների՝  կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծը։

Նախագծի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը,  մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու պարագայում մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Ի՞նչ է դա նշանակում․ Հրայր Թովմասյանը, հիշեցնենք, ՍԴ նախագահ ընտրվեց 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ նախկին Սահմանադրության հիման վրա, և հնարավորություն ստացավ պաշտոնավարելու մինչև 65 տարեկանը, այսինքն՝ մինչև 2035 թվականը։

Կառավարությունն այս օրինագծով Թովմասյանին/մյուս ՍԴ անդամներին հնարավորություն է տալիս հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև 2035 թվականը/մինչև պաշտոնավարման ավարտը Հայաստանի Հանրապետության բյուջեից ստանալ նույնքան կենսաթոշակ, որքան աշխատավարձ ստանում է այժմ։

«Իմ քայլի» և Կառավարության կարծիքով, սա՝ իրավական ճանապարհներից մեկն է, որ թույլ կտա լուծել կամ մասնակիորեն լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված փակուղային իրավիճակը։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել օրինագծին և հայտարարել, որ դեմ են քվեարկելու նաև երկրորդ ընթերցման ժամանակ։ Ըստ նրանց, (օրինախատ) դատավորներին չաշխատելու դիմաց միլիոնավոր դրամներ տալը արդար չէ, իշխանությունը փորձում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծել՝  ֆինանսապես խրախուսելով դատավորներին, որոնք մինչ այս քարկոծվում էին վստահություն չունենալու համար։ Ընդդիմադիրները, սակայն, իրավական այլ լուծում Սահմանադրական ճգնաժամին չեն առաջարկում։ Նրանցից շատերը առհասարակ հերքում են ճգնաժամի առկայությունը։

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի հնարավորությունը սահմանող օրենքի նախագծի քննարկման ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ խոսնակն անդրադրձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին և ընդդիմադիր դիրքավորվող կուսակցություններին․

https://www.facebook.com/President.Parliament.AM/videos/442449296440686/

Նախագծին առաջին ընթերցմամբ ընդունվեց բացառապես խորհրդարանական մեծամասնության կողմ քվեների շնորհիվ՝ 83 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի վաղը:

Նշենք, որ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին ամիսներ առաջ իր հայտնի նամակում խոսել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Գրիգորյանն այս համակարգը համարել էր Սահմանադրական դատարանի ճգնաժամի ելքերից մեկը։