Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԱԺ-ն պետք է գնահատական տա սեպտեմբերի 4-ի որոշմանն ու դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված ՍԴ երեք անդամների անաչառության հարցը քննարկելու միջնորդության մերժմանը։ Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական գնահատականները բավարար են, թե ոչ և գործնական ինչ քայլեր կարող է անել քաղաքական մեծամասնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Նախ, ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը և չեմ կարծում, թե նա քաղաքական գնահատական նկատի ուներ։ Շատ իրավաբաններ կան, որոնք պնդում էին այս ընթացքում էլ, որ Սահմանադրական Դատարանը կայացրել է ապօրինի որոշում։ Ես զգուշավորությամբ էի վերաբերվում այդ հայտարարություններին, բայց Սահմանադրական Դատարանի երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ը կայացրել է ապօրինի որոշում։ Ինչո՞ւ է Սահմանադրական Դատարանը կայացրել ապօրինի որոշում։ Գիտեք ինչու, գիտեք ով ա ՍԴ-ի նախագահը, ինչպես ա դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով և ում համար ա դարձել ՍԴ նախագահ։ Եվ ես ձեզ ասեմ, էդ որոշումը ընդունած դատավորներից, ես երեքը չգիտեմ, բայց առնվազն երկուսը մարտի մեկի հետ ուղիղ կապ ունեն և անհասկանալի է, թե ինչո՞ւ ինքնաբացարկ չեն հայտնել և ինչու են մասնակցել այդ գործով որոշման կայացմանը։
Եվ կարծում եմ, ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ պետք է այս իրավիճակը քննարկվի, թե արդյոք իրավական ընթացակարգեր կան։ Որովհետև, այսինքն ինչ, Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչպես հիմնադրման օրից գործել ա, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ։ Սահմանադրական դատարանը իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակ է, սկսած ընտրությունների կեղծումից, 1996 թվականից սկսած ՍԴ֊ը ընտրությունների բոլոր կեղծիքները վավերացնող մարմինն է եղել և հիմա իրենք մտածում են, որ պիտի շարունակեն գործել ժողովրդի դե՞մ, հանուն կոռու՞պցիայի, պետք ա շորունակեն գործել հանուն կեղծիքների՞։ Իրենք դա են հայտարարում և հայաստանի ԱԺ-ը ու ժողովուրդը պետք ա մտածեն, թե ինչ են անելու ՍԴ֊ի հետ։ Եվ խոսքը քաղաքական գնահատականի մասին չի կարծում եմ և չեմ կարծում, թե Արարատ Միրզոյանը այդ նկատի ունեցած լիներ, որովհետև էդ քաղաքական գնահատական որ ասում են․․․ հիմա ես էլ տվեցի քաղաքական գնահատական, դրանից իրավիճակը փոխվե՞ց»։