Home / Դատարան / ՍԴ որոշումը Քոչարյանի գործի տրամաբանության մեջ ոչինչ չի փոխում

ՍԴ որոշումը Քոչարյանի գործի տրամաբանության մեջ ոչինչ չի փոխում

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց միայն 35-րդ հոդվածը, որը թվարկում է, թե որ դեպքերում քրեական գործ չի հարուցվում, քրեական հետապնդում չի իրականացվում, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։ Այդպիսի դեպքեր են, օրինակ, արարքում հանցակազմի բացակայությունը, վաղեմության ժամկետների անցնելը և այլն, իսկ ՍԴ-ն սույն որոշմամբ անհրաժեշտ համարեց նաև գործառութային անձեռնմխելիության դեպքի նշումը, ինչը չի նշանակում, որ ՍԴ-ի այս որոշման հիման վրա [երկրորդ] նախագահի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը։ Այսինքն, ըստ էության, ոչինչ այս գործի տրամաբանության մեջ չի փոխվում։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած Սահմանադրական դատարանի այդօրվա որոշմանը, գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Տանիելյանը։

«Փորձեմ հնարավորինս հանրամատչելի ներկայացնել, թե ինչի մասին է այսօրվա որոշումը։ Դիմողը վիճարկում էր 2 հոդվածի սահմանադրականություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 135-րդ հոդվածի 2-րդ մաս։ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց միայն 35-րդ հոդվածը «Սահմանադրության ուժով հատուկ պշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։

35-րդ հոդվածը թվարկում է, թե որ դեպքերում քրեական գործ չի հարուցվում, քրեական հետապնդում չի իրականացվում, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։ Այդպիսի դեպքեր են օրինակ արարքում հանցակազմ չլինելը, անձի՝ քրեական պատասխանատվության օրենքով սահմանված տարիքի հասած չլինելը, վաղեմության ժամկետների անցնելը և այլն, իսկ ՍԴ-ն սույն որոշմամբ նաև անհրաժեշտ համարեց գործառութային անձեռնմխելիության դեպքի նշումը, ինչը թերևս օրենքի լրացմամբ կարվի ԱԺ-ի կողմից և դա չի նշանակում, որ ՍԴ-ի այս որոշման հիման վրա նախագահի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը։

Այսինքն ըստ էության ոչինչ այս գործի տրամաբանության մեջ չի փոխվում. դատարանները ինչպես նախկինում այնպես էլ հիմա պետք է պատասխանեն այն հարցին, թե նախագահին մեղսագրվող արարքների դեպքում նախագահը օգտվում է Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունից, թե ոչ։

Ասվածը ներկայացնեմ օրինակի հիման վրա. ենթադրենք 35-րդ հոդվածում որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք նշված չէ անձի օրենքով սահմանված տարիքի հասած չլինելը, եթե նա դիմի Սահմանադրական դատարան Սահմանադրական դատարանը ըստ էության հակասահմանադրական կճանաչի այդ բացը և ԱԺ-ն կլրացնի օրենքը, սակայն դա կազդի այդ անձին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վրա, կախված կլինի անձի տարիքից, եթե լինի ասենք 20 տսրեկան որևէ ազդեցություն սահմանադրական դատարանի այդ որոշումը չի ունենա, բայց եթե լինի 12 տարեկան կունենա»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը այսօր հրապարակեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի մեջ գտնվող նախկին նախագահը Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն, Քոչարյանի վիճարկած Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

Քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածներից առաջինը՝ 35-րդ, վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, երկրորդը՝ 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին: