հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / ՍԴ-ն մասնակիորեն բավարարեց Քոչարյանի դիմումը

ՍԴ-ն մասնակիորեն բավարարեց Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն, Քոչարյանի վիճարկած Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

Քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածներից առաջինը՝ 35-րդ, վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, երկրորդը՝ 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին: Այսինքն՝ վիճարկվող երկու հոդվածները փոխկապակցված են, սակայն առաջինը ճանաչվեց Սահմանադրությանը չհամապատասխանող, իսկ երկրորդը՝ ոչ, ինչը տարընթերցումների տեղիք է տալիս։

«Սահմանադրական դատարանը որոշեց․

առաջին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր

երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, 

երրորդ՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,» – որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Թովմասյանը հայտնեց նաև, որ Սահմանադրական դատարանի երկու դատավոր՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը հատուկ կարծիք են հայտնել։

Սահմանադրական դատարանը դիմումը քննում էր գրավոր ընթացակարգով, և երեկ՝ սեպտեմբերի 3-ին, հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի հնգօրյա ժամկետում։

Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի աջակիցները, որոնք հավաքվել էին Սահմանադրական դատարանի շենքի մոտ, շնորհավորեցին միմյանց և հեռացան տարածքից, իսկ նրանց ընդդիմախոսները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն՝ վանկարկելով «Քոչարյան մարդասպան», «Թովմասյան, չես մարսելու»։

Հիշեցնենք որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: