Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների քննությանը, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունի» դիմող կողմի նկատմամբ և «մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու» և «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում,» ― գրված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ։