հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / «Իմ քայլը» ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի

«Իմ քայլը» ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ նիստն ավարտվեց, որոշվեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված իրավասությունների շրջանակում նախաձեռնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթաց՝ այն հիմնավորումներով, որոնց մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից խոսեց Արարատ Միրզոյանը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին խմբակցության նիստից հետո հայտարարել է նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Իսկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, մանրամասնել է, որ Թովմասյանը առաջիկայում կհրավիրվի խորհրդարան և ելույթի իրավունք կունենա: Վարդանյանն նշել է՝ Ազգային ժողովը հիմնավոր կասկածներ ունի, որ Սահմանադրական դատարնի անդամ Հրայր Թովմասյանը շեղվել է իր ուժերից, սակայն լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու են ոչ թե պատգամավորները, այլ նույն Սահմանադրական դատարանի անդամները/դատավորները՝ ընդհանուր ձայների երկու երրորդով: Խորհրդարանում նախկինում նման ընթացակարգով հարց չի քննարկվել։

Անդրադառնալով Թովմասյանի հրաժարականի հիմքերին, Վարդանյանը կրկին շեշտել է՝ հրաժարականի հիմքերը շատ են, դրանցից մեկը կարող է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ կապը լինել․

«Խոսքը Արամ Օրբելյանի մասին է. Հրայր Թովմասյանը և Արամ Օրբելյանը քավոր-սանիկներ են։ Սա միակ հիմքը չէ, սա հիմքերից մեկն է: Հիմքերի մասին ավելի մանրամասն կհայտնենք»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնեն, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միզրոյանն առաջին անգամ խորհրդարանի ամբիոնից խոսել էր Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի և այդ ուղղությամբ Ազգային ժողովի անելիքների մասին:

«Այս տարվա սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմորդն ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի [Հրայր Թովմասյանի, Հրանտ Նազարյանի և Արևիկ Պետրոսյանի] գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

Ի հավելումս, ՍԴ որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի [ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի] կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում եւ ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն:

Նույն կարծիքում արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիրոնե բարձրացրել է ՍԴ մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Ընդ որում, ես զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից, բայց այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական ու քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար,» – ասել էր Միրզոյանը՝ շարունակելով․

«Ինչ վերաբերում է ՍԴ որոշման բովանդակությանը, ապա վստահաբար կարելի է նշել, որ առանց որեւէ առերեւույթ հիմնավորման, ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»:

Ազգային ժողովի խոսնակը խոսել էր նաև Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի թույլ տված ընթացակարգային խախտումների մասին: Նախկին նախագահին մեղսագրվող 300․1 հոդվածի (սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի) սահմանադրականությունը պարզելու դիմումի քննությունը, հիշեցնենք, ՍԴ-ի կողմից կասեցվել էր և այն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավուքների եվրոպական դատարան:

«Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը:

Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարություններից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղած իր դիմումների հայերեն տեքստը,» –  ասել է Արարատ Միրզոյանը։

Ազգային ժողովի նախագահը անդրադարձել էր նաև Բարձր դատարանի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ընտրվելու օրինականության հարցին։

«2018 թվականի ապրիլին ուժի մեջ մեջ մտած սահմանդրական կարգավորումներով, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018-ի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտնում ընտրվելը՝ ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի մինչեւ 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ,» – հայտարարել է Միրզոյանը՝ ամփոփելով․

«Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ Ազգային ժողովը որպես Հայաստանի ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»:

Ազգային ժողովի խոսնակի այս ելույթին հաջորդել էր այսօր երեկոյան տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցույթան փակ նիստը։