Home / Ազգային ժողով / ԱԺ-ն ընդունեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը

ԱԺ-ն ընդունեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը

Ազգային ժողովը 98 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը։ Քվեարկությունն ընթացել է փակ-գաղտնի ընթացակարգով, 132 պատգամավորներից մասնակցել է 101-ը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր։

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն էր։ Խորհրդարանում այն քննարկվել էր երեկ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ որ չի մասնակցելու քվեարկությանը:

Որոշման այս նախագիծը, որը հայաստանյան օրենսդրությանն ու միջազգային դատական նախադեպերին հղվելով՝ ներկայացնում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, շրջանառության մեջ էր դրվել շուրջ երկու շաբաթ առաջ:

Այժմ ընդունված որոշումը կուղարկվի Սահմանադրական դատարան, որը, ըստ ընթացակարգի, 30 օրվա ընթացքում պետք է վարույթ ընդունի հարցը և վերջնական որոշում կայացնի։ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները: Հրայր Թովմասյանը ՍԴ-ում իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցի։

Հիշեցնենք, որ, ըստ «Իմ քայլի», Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում էական կարգապահական խախտումներ է թույլ տվել, ինչը հիմք է հանդիսացել լիազորությունների դադարեցման գործընթացը նախաձեռնելու համար։