Home / Հայաստան / Երևանի քաղաքապետի ճիշտ որոշումը աղբահանության նոր մոդելի բացակայության պայմաններում

Երևանի քաղաքապետի ճիշտ որոշումը աղբահանության նոր մոդելի բացակայության պայմաններում

Վերջին շրջանում Երևանում լավացել է աղբահանության կազմակերպումն այն բանից հետո, երբ դրանով սկսել է զբաղվել քաղաքապետարանի համայնքային հիմնարկը։ Երեկ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց «Սանիթեք»֊ի հետ պայմանագիրը խզելու, իսկ ընկերությունն, իր հերթին՝ Արբիտրաժային դատարան դիմելու մասին։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կփոփոխվի աղբահանության կազմակերպման մոդելը։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանի գործողությունների իրավական հիմքերն ամուր են, իրենք վստահ են, որ բոլոր գործողությունները բխում են համայնքի շահերից և համապատասխանում օրենքի տառին։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ պայմանագրի խզումն ստեղծված իրավիճակում միակ ողջամիտ որոշումն էր․ «Որևէ կերպ պետք է ավարտվեր այս փոխհրաձգությունը քաղաքային իշխանությունների և «Սանիթեք»֊ի միջև, հույս ունեմ՝ «Սանիթեք»֊ը չի գնա Արբիտրաժի, և մենք լուրջ խնդիրներ չենք ունենա հետագայում»։ Վարդանյանը հույս հայտնեց, որ քաղաքապետարանի՝ քայլերը հաշվարկելու վերաբերյալ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, և աղբահանող ընկերությունը չի կարող որևէ կետեր գտնել պայմանագրի մեջ, որոնցով կարողանա արդարացնել իր անգործությունն ու քաղաքապետարանի հետ վերջին մեկ տարվա հարաբերությունները։

Ի սկզբանե չողջունելով համայնքային հիմնարկի գաղափարը, այժմ Վարդանյանը հույս ունի, որ դրա աշխատակիցներին կհաջողվի դուրս բերել Երևանը վատ վիճակից․ «Բոլորս տեսնում ենք, որ աղբահանության հետ կապված քաղաքը վերջին 10-15 օրվա ընթացքում բավարար վիճակում է գտնվում»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանի կարծիքով՝ «Սանիթեք» ընկերությունն Արբիտրաժային դատարան դիմելու իրավական կամ ֆինանսական հիմքեր չունի։ «Եթե չի կարողանում ներդրումներ իրականացնել և խնդիրը կարգավորել, ինչպե՞ս է պատրաստվում մի քանի միլիոն դոլար ծախսել Արբիտրաժի համար»։

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք կսպասեն առնվազն մինչև դեկտեմբեր ամիսը, կհասկանան՝ ինչպիսի արդյունքներ կգրանցի համայնքային հիմնարկն ու ըստ այդմ մոդելի ընտրության որոշում կկայացնեն։

Իսկ եթե քաղաքապետարանը որոշում կայացնի՝ համագործակցել մասնավոր ընկերության հետ, կամ այլ տիպի փոփոխության գնա, որքանո՞վ են արդարացված արդեն կատարված ծախսերը։ Մասնավորապես, այս համատեքստում է քննադատվում քաղաքապետը․ ի վերջո, ամեն ինչ երևանցիների հաշվին է արվում։

«Այս կամ այն պարագայում, ինչպիսին էլ կլինի կոնֆիգուրացիան, կմնա «Սանիթեք»֊ը, չի մնա, մենակ կլինի, թե մենակ չի լինի, համայնքը պետք է ունենա բավարար ռեսուրս աղբային կոլապսից քաղաքը պահելու համար։ Եվ այս ընթացքում ձեռքբերված ռեսուրսը՝ շուրջ 50 ավտոմեքենա, մի քանի հազար աղբամաններ և հավաքագրվեց նաև աշխատակազմը, սա քաղաքի հետագա որոշումների ժամանակ հաշվի կառնվի։ Եթե կլինի օպերատոր, որը կզբաղվի քաղաքի մաքրության մի մասով, և համայնքը կունենա ռեսուրսների ավելցուկ, այն կամ վարձակալության կտրվի, ես պայմանական տարբերակներ եմ առաջարկում, կամ կօգտագործվի ինչ֊որ մի կերպ», ֊ պատասխանել է քաղաքապետի մամուլի խոսնակը։

«Լույս» խմբակցության անդամն, իր հերթին, տարօրինակ է համարել տեխնիկա գնելու համար միլիարդներ ծախսելն ու հետագայում այն վարձով տալը։ Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ քաղաքապետարանը պետք է արդեն որոշակի հստակ դիրքորոշում ունենա։ Բացի դա, նա համոզմունք հայտնեց, որ հարցը համակարգային լուծում չի ստանա, քանի դեռ չկա պատշաճ աղբավայր․ «Նույն քաղաքապետարանի կամազները գնալու են և ջարդուխուրդ լինեն աղբավայրի ճանապարհին։ Այսինքն նույն խնդիրներին, որոնց բախվել է «Սանիթեք» ընկերությունը, բախվելու է նաև համայնքային հիմնարկը»։

Պատասխանելով Վարդանյանի՝ ֆինանսների հետ կապված մտահոգություններին, Կարապետյանն ասաց, որ համայնքային հիմնարկի աշխատանքը կազմակերպվում է «Սանիթեք» ընկերությանը վճարվող նույն գումարով՝ 5 միլիարդ 200 միլիոնի սահմաններում․ «Եթե պատկերացնենք, որ պետք է դա վարձակալության տրվի, դա նույնպես ծառայում է քաղաքին։ Ինչ վերաբերում է աղբավայրին, տարվա սկզբից գործող աղբավայր ճանապարհներն ամբողջությամբ․․․ ես հրավիրում եմ հարգարժան լրագրողներին այցելել Նուբարաշենի աղբավայր և տեսնել ճանապարհների որակը։ Բացի դրանից, միջազգային դոնորների օգնությամբ, նոր աղբավայր է կառուցվում հարևանությամբ»։

Թեհմինա Վարդանյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ «Սանիթեք»-ին տարեկան վճարվում էր 5 միլիարդ 200 միլիոն դրամ․ «Մի՛ ասեք, որ նույն գումարով քաղաքապետարանի հիմնարկն է իրականացնելու աղբահանությունը, որովհետև մասնավոր ընկերությունը դրանից 1 միլիարդ 200 միլիոն հարկ է վճարել»։

«Համայնքի վրա այդքան է նստում։ Մեկ կիլո բամբակը և մեկ կիլո երկաթը նույն քաշն ունեն», ֊ նկատեց Կարապետյանը։

Վարդանյանը ժպիտով նշեց, որ հումորը տեղին չէր․ «Մի՛ ասեք նույն գումարով, ասեք՝ 5 միլիարդ 200 միլիոն մաքուր գումարով»։

Tekali Taxi