Գլխավոր / Ապատեղեկատվություն / Մետալ համերգին տարածք չեն տվել է, քանի որ «մենք աշխարհը սև֊սպիտակ ենք ընդունում»

Մետալ համերգին տարածք չեն տվել է, քանի որ «մենք աշխարհը սև֊սպիտակ ենք ընդունում»

[Թարմացում 15:00]. Poligraf ակումբը տարածք է տրամադրել համերգի անցկացման համար։ Այն տեղի կունենա Պոլիգրաֆում այսօր ժամը 21:00-ին։

Տիկնիկային թատրոնը՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, հոկտեմբերի 3-ին հրաժարվել է դահլիճ տրամադրել լեհական Vader դեթ մետալի խմբի հոկտեմբերի 4-ին նախատեսվող համերգի համար՝ հիմնավորմամբ, որ հանրությունը այն ընկալում է որպես սատանիստական քարոզչություն։

«Պատճառն այն է եղել, որ հանրությունը դա ընկալում է՝ որպես սատանիստական քարոզչություն, իսկ թատրոնում որևէ քարոզչություն՝ լինի կուսակցական, կրոնական, այս տարիների ընթացքում ես չեմ թույլատրել: Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ երևի պետք է դեր խաղար նախապատրաստական աշխատանքը, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ դա զուտ ատրիբուտիկա է, սատանիզմի քարոզչություն չէ: Դժվարանում եմ այստեղ պատասխան տալ, որովհետև դրա մասնագետը չեմ: Այսինքն՝ հանրության որոշակի մասի արձագանքից ելնելով՝ չեղարկել ենք <…> Բոլոր դեպքերում, մենք շարունակում ենք աշխարհը սև-սպիտակ ընդունել, և ես չեմ կարող դրա հետ հաշվի չնստել»,- 168.am-ի հետ զրույցում բացատրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Քննարկման առարկա էր դարձել խմբի ֆրոնթմենի հարցազրույցը, որում նա մասնավորապես նշում էր․ «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումների, դաժանություն, պատերազմներ և այլն»։

Հիշեցնենք, որ Տիկնիկային թատրոնը նախկինում խնդիրներ չի ունեցել ռոք կամ մետալ համերգներ հյուրընկալելու հետ։ Կազմակերպիչ Zhesht Events-ը տարածած հայտարարության մեջ տարածք տրամադրելու մերժումը բացատրում է «որոշ ագրեսիվ տրամադրված մարդկանց տարածած ապատեղեկատվությամբ ու սպառնալիքներով»

«Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն լսելու այն երաժշտությունը, որը ցանկանում են։ Հայաստանում պետք է ստեղծագործեն ամենատարբեր ժանրերի երաժշտական խմբեր և արտիստներ՝ ունենալով ստեղծագործելու ազատություն, առանց գրաքննված լինելու վախի։

Նման նախադեպերը մեծ խնդիրներ են առաջացնում կազմակերպիչների համար և Հայաստանի նկատմամբ վատ նախատրամադրվածություն առաջացնում արտասահմանյան շոուբիզնեսի ներկայացուցիչների մոտ։

<…> Vader live in Yerevan համերգը կայանալու է ամեն գնով։ Նոր տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք շուտով»,- ասվում է հայտարարության մեջ։

Zhesht Events-ի գրառմանն անդրադարձել է System of a down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը․ «Ապատեղեկատվությանը չխաբնվելը կարևոր է, հատկապես երբ խոսքն արվեստի մասին է։ <…> Մի հայ ավետարանիչ Շառլոթից (Հյուսիսային Կարոլինա) ստեր ու ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում արվեստային միջոցառումները սաբոտաժի ենթարկելու համար՝ ինձ ու SOAD-ը սատանիստական անվանելով։ Սա ինձ հիշեցնում է ժամանակին Օզզիի կամ մինչև օրս Մերլին Մենսոնի մասին խոսակցությունները։ Մարդկությունն ավելի պայծառ ու խելացի լինելու կարիք ունի։ Եկեք աջակցենք արվեստային արտահայտումներն ամենուրեք, ինչպես մարդու իրավունք»։

Համերգի չեղարկումը դատապարտել է նաև դաշնակահար Տիգրան Համասյանը։

Tekali Taxi