Home / Հայաստան / Սերժ Թանգյանը՝ Սերժ Սարգսյանին. «Արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը»

Սերժ Թանգյանը՝ Սերժ Սարգսյանին. «Արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը»

Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի նախկին մենակատար Սերժ Թանգյանը նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարգելի պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:

Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞ որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ՝ ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից Նախագահ եք:

Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում՝ չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ ես արշավանք սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք  խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց  ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:

Դուք կարող եք այն  իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սերժ: Ոգևորե՛ք մեզ:

Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,

Խաղաղություն:

Սերժ Թանգյան

Tekali Taxi