Գլխավոր / Առողջապահություն / Նիկոլյանը՝ ճանաչվելով անգործունակ, զրկվել է կնոջից ամուսնալուծվելու իրավունքից․ ՄԻԵԴ

Նիկոլյանը՝ ճանաչվելով անգործունակ, զրկվել է կնոջից ամուսնալուծվելու իրավունքից․ ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոկտեմբերի 3-ին՝ Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ տեղի է ունեցել դատաքննության իրավունքի և անձնական կյանքի հարգման իրավունքի խախտում և պարտավորեցրել է Հայաստանին Գուրգեն Նիկոլյանին վճարել 7800 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Ինչպես ասվում է ՄԻԵԴ֊ի հայտարարության մեջ, գործը վերաբերում է Գուրգեն Նիկոլյանին, որը 2013 թվականին՝ կնոջ և որդու համատեղ հայցի հիման վրա, ճանաչվել է անգործունակ։

2012 թվականին Նիկոլյանը հայց է ներկայացրել ապահարզանի մասին՝ պնդելով, որ կոնֆլիկտային հարաբերություններն անտանելի են դարձրել իր և իր կնոջ համատեղ կեցությունը։ Ազգային դատարանները, սակայն, այդպես էլ չեն քննարկել նրա հայցը, քանի որ 2013 թվականին շրջանային դատարանը Նիկոլյանին հայտարարել է անգործունակ՝ դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին, ով իր ընտանիքի հետ միասին ապրում էր Նիկոլյանի բնակարանում։ 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նման վճիռ է կայացրել՝ հիմնվելով Նիկոլյանի որդու ներկայացրած հոգեկան առողջության մասին փաստաթղթի վրա, որը ժամկետանց է եղել և ոչ լիարժեք: Մինչդեռ որևէ կերպ ապացուցված չէ, որ նրա հոգեկան առողջության վիճակը ամբողջական անգործունակություն է պահանջում։

Նիկոլյանը դիմել է Հայաստանի իրավասու մարմիններին` իր վերաբերյալ կայացված անգործունակության որոշումը վերանայելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել, քանի որ Հայաստանի ազգային օրենդրությունը արգելում է դատարանի ուղղակի հասանելիությունը նրանց համար, ովքեր ճանաչված են անգործունակ։

Հայաստանի օրենսդրությամբ միայն խնամակալն է իրավասու անգործունակությունը վերանայելու հայց ներկայացնել դատարան, ինչը առնվազն Նիկոլյանի դեպքում փակուղու է հանգեցրել․ իշխանությունները օրինական խնամակալ են նշանակել նրա որդուն, ով Նիկոլյանին անգործունակ ճանաչելու գործընթացի նախաձեռնողներից է եղել։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ անձը՝ ճանաչվելով անժամկետ անգործունակ, զրկվել է իր անձնական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից, այդ թվում՝ կնոջից ամուսնալուծվելու իրավունքից:

Ստեղծված իրավիճակն էլ ավելի է սրել այն փաստը, որ Նիկոլյանի որդին նշանակվել է խնամակալ՝ չնայած նրանց միջև կոնֆլիկտային հարաբերությունների: Դատարանը կասկածում է, որ խնամակալն այս պարագայում կարող է անաչառ լինել:

Tekali Taxi