Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Ենթադրյալ հանցանքը կատարվել է Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուց առաջ, ուստի ՍԴ նախագահի գործառույթային անձեռնամխելիության դրույթը դրա վրա չի տարածվում։
Դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, Թովմասյանը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, երկու նոտարական տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ Արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:
Իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:
Արդյունքում, Հ. Թ.-ն հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800.000 դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 դրամ:
Բացի այդ, 2012թ. փետրվարին, Թովմասյանը արդարադատության նախարարության՝ իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:
Վերջինս սպառնալիքների ազդեցության ներքո նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններում 2012 թվականի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը:
Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 դրամի չափով վարձավճար:
Հարկադրված պայմաններում վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նոտարական պալատի բնականոն գործունեությունն ապահովելու համար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով կիսավարտ վիճակում գտնվող վերը նշված՝ Թովմասյանին փաստացի պատկանող տարածքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, որի դիմաց նոտարական պալատի բյուջեից ծախսվել է 2.467.000 դրամ գումար:
Այսպիսով, Հրայր Թովմասյնանը վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ գլխավոր դատախազի 26.12.2019թ. որոշմամբ Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով «երկու դրվագ» նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Սահմանադրական դատարանի նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին մեղսագրվում են ենթադրյալ հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, այսինքն՝ 2010-2014 թվականներին։
Ըստ Դատախազության, 2010-2014 թվականներին ենթադրաբար կատարված և Թովմասյանին մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արաքներ, որոնք կապված չեն որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու՝ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է