Այսօր` ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՊՆ-ի՝ հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը:
«Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի», – ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ից։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Հուլիսի 13-ից դիրքերից բացի հրետանակոծվում էին նաև բնակելի համայնքները։ Կիրառվում էր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։
Նախորդ շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ խաղաղ բնակիչ։ Հայկական կողմը հայտնել է 4 զոհերի մասին։
Շաբաթավերջից մինչ այս սահմանին պահպանվում էր հարաբերական անդորր: