Նախօրեին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով:
Ավելի վաղ խորհրադարնն արտահերթ նստաշրջանով քննարկեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Եթե օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում է այն։
Եթե նախագահը չի կատարում տվյալ պահանջները, դա հնգօրյա ժամկետում անում է ԱԺ խոսնակը։ Սակայն տարածած հաղորդագրության մեջ չի հստակեցվում՝ դիմելո՞ւ է նախագահը Սահմանադրական դատարան, թե՝ ոչ։