Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամների՝ Հայաստանի նկատմամբ միջանկայլ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանն ու աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը դիմել էին Եվրադատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնող Սահմանադրական փոփոխությունների օրինականությունը վիճարկելու, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։ Հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչև Ստրասբուրգի դատարանը չավարտի դիմումի քննությունը։
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը մերժել է՝ մանրամասնելով, որ
― 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ:
― Անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները և ՍԴ նախագահը պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակի անցնելը:
― Նշանակվել էր հանրաքվե, որը համավարակի պատճառով կասեցվեց, փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից։
― Հունիսի 22-ին ընդունված և հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով ՍԴ դատավորների համար սահմանվել է պաշտոնավարման 12-ամյա ժամկետ և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել:
Միջանկյալ միջոց կիրառելու պահանջի մերժումը ՄԻԵԴ֊ը հիմնավորել է նրանով, որ պահանջը դուրս է միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ: