Օգոստոսի 5-ի երեկոյան դեպի Ամուլսար տանող ճանապարհին կրկին բողոքի ցույց էր։ Ոստիկանների ցերեկվա բարիդրացիականությունը երեկոյան վերափոխվեց հրմշտոցի։
Ժամը 8-ի սահմաններում բերման ենթարկվեցին ՀԲՃ անդամ Անի Խաչատրյանը և ևս 5 ակտիվիստներ։
Ոստիկանական Վիլիսի առջև կանգնած քաղաքացիները՝ նրանք, ովքեր փակում էին ճանապարհը, և նրանք, ովքեր ոչինչ չէին անում, հայտնվեցին շրջափակման մեջ՝ հրմշտոցի և քաշքշուքի կենտրոնում։ Ոստիկանական մեքենան ողջ ընթացքում շարունակում էր դանդաղ առաջ շարժվել, ինչի արդյունքում պարբերաբար քաշքշուքի մեջ ընկած մարդիկ «վրաերթի» էին ենթարկվում։
Գնդևազ համայնքի բնակիչ Արթուր Գրիգորյանը, ում ոտքը մնացել էր ոստիկանական Վիլիսի տակ, 30-40 րոպե բուժաշխատողներին սպասելուց հետո ցուցարարների ուղեկցությամբ ուշ երեկոյան տեղափոխվեց հիվանդանոց։ (Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ոտքի բազմակի հոդախախտումներ)։
Գրիգորյանի վնասվածնքերի մասին իմանալուց հետո՝ ցուցրարները որոշեցին նստացուց անել։ Փակվեց Ամուլսարի 2-րդ պոստի կողքով անցնող Երևան-Ջերմուկ միակ ճանապարհը։ Ժամը 23։40-ին նստացույցը դադարեցվեց։ Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին, ճանապարհը՝ բացվեց։
Բողոքի ցույցերն Ամուլսարում շարունակվելու են։ Ցույց է նախաձեռնվել նաև Երևանում՝ օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին Հնարապետության հրապարակում։
Պահանջներն են․
— Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված՝ «Լիդիան Արմենիա»-ին պատկանող տնակները։
— Հեռացնել Ամուլսարից սադրանքներ հրահրող պահնորդներին
— Կառավարությանը՝ լիարժեք որոշում կայացնել Ամուլսարի հարցի վերաբերյալ և չեղարկել ոսկու հանքի շահագործման ՇՄԱԳ-ը: