Home / Առողջապահություն / «Փողոցում ենք ապրում»․ ՌԴ մի խումբ քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում

«Փողոցում ենք ապրում»․ ՌԴ մի խումբ քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում

Հուլիսի 14-ին 93 հոգի հավաքվել էր Բագրատաշենի անցակետի մոտ և որոշ ժամանակ այստեղ ապրել, մինչև Ռուսաստանի դեսպանատունն իրենց ավտոբուսներ տրամադրեց, որոնց միջոցով մարդկանց հաջողվել է Վրաստանի տարածքով հասնել ՌԴ։ Իմանալով այս նախադեպի մասին, որը հնարավոր էր դարձել վրացական կողմի հետ համաձայնության գալուց հետո, մոտ 8 տասնյակ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց մեջ կան տարեցներ, հղի կանայք և երեխաներ, մի քանի օր առաջ ժամանեցին Բագրատաշենի անցակետ և մնացին արևի տակ՝ սպասելով հարցի լուծմանը։

Իսկ դրանից առաջ՝ հուլիսի 24-ին, այս մարդիկ ակցիայի էին դուրս եկել ՌԴ դեսպանատան դիմաց՝ խնդրելով իրենց ևս տուն վերադարձնել։ Հայտնի է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ավիափոխադրումները դադարեցված են, ասում է Epress.am-ի զրուցակիցը՝ Արթուրը, ով ևս Բագրատաշենի անցակետի մոտ է գտնվում։ Նրա խոսքով՝ չարթերային թռիչքի համար վաղուց է գրանցվել, սակայն հերթն իրեն չի հասնում․ «Ես էնտեղ ընտանիք ունեմ։ Հուլիսի 24-ին հավաքվեցինք դեսպանատան դիմաց, ունեինք նամակ, ուզեցինք այն առձեռն փոխանցել որևէ աշխատակցի․ ոչ-ոք դուրս չեկավ, չարձագանքեց»։

Նամակում հեղինակները գրել էին, որ եթե մինչև հուլիսի 30-ը դրական արձագանք չստանան, կտեղափոխվեն Բագրատաշեն․ «Ի՞նչ տարբերություն՝ Երևանում փոխոցում ապրենք, թե գանք, Բագրատաշենում փողոցում ապրենք»։

Այս ընթացքում մարդկանց զգացողությունն է վատանում, պատմել է Արթուրը, մի քանի անգամ ստիպված են եղել շտապ օգնություն հրավիրել։

Զրուցակիցը նաև ասել է, որ դիմել են ԱԳՆ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Epress.am-ի՝ արտաքին քաղաքական գերատեսչության հետ կապ հաստատելու փորձերը հոդվածը հրապարակելու պահին ևս ապարդյուն էին։