2026 թ. հուլիս 7, երեքշաբթի

Երևանում բերման են ենթարկել Ամուլսարի պահապանների աջակիցներին 

Կառավարության շենքի մոտ բերման են ենթարկվել Ամուլսարի մի խումբ պահապանների։ Ոստիկանները պահանջել են դադարեցնել հավաքը, որի անցկացումն արգելված է համավարակի պատճառով։ Նրան պատասխանում էին, որ սոցիալական հեռավորությունը պահպանվում է։ Ոստիկանության ներկայացուցիչը, հղվելով օրենքին, պահանջեց դադարեցնել ապօրինի ակցիան․ «Սա մեկ հոգանոց պիկետ չէ․․․ Անկախ սոցիալական հեռավորության պահպանումից, ոստիկանությունը պահանջում է դադարեցնել։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում հարկադրանքի միջոցներ կձեռնարկվեն»։

Նրանց տարել են ոստիկանության Մասիվի, Կենտրոնի և Մալաթիայի բաժիններ։ Իրավապաշտպաններն արդեն Ֆեյսբուք սոցցանցի միջոցով դիմում են փաստաբաններին՝ կոչ անելով արձագանքել, քանի որ բերման ենթարկվածներից ոմանք վերջիններիս կարիքն ունեն։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն իսկ տեղեկացված է կատարվածի մասին, սակայն բաժիններ ներկայացուցիչներ ուղարկելն, ըստ իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանի, հնարավոր չէ։

Epress.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ ավելի ուշ՝ ժամը 18։00-ի կողմերը, ևս 5 հոգու բերման են ենթարկել Հրապարակի շատրվանների, 1 հոգու՝ Կառավարության շենքի մոտից, քանի որ իրենց գործողություններում, ըստ ոստիկանների, «հավաքին բնորոշ տարրեր կային»։ Բերման ենթարկվածները որևէ կոչ կամ կարգախոս չէին հնչեցնում, պաստառներ և տարբերանշաններ չունեին, խմբով զբոսնում էին Հանրապետության հրապարակի և հարակից տարածքներում։

https://www.facebook.com/epressarm/videos/211500450301397/

Առաջին ձերբակալությունները՝

https://www.facebook.com/SevBibar/videos/629305981325734/?v=629305981325734

․ Ավելի ուշ բերման են ենթարկվել նաև հեծանվաերթի մասնակիցները․ մոտ տասը հոգի տարվել է բաժին՝ առանց հեծանիվների։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ամուլսարում լարվել էր իրավիճակը։ Հունիսի 30-ի լուսադեմին Ամուլսարում հայտնվեցին զինվորական համազգեստով, հրազենով և մահակներով զինված Լիդիան Արմենիա ընկերության կողմից վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները։ Առաջին անգամ նման նախադեպ ստեղծվեց, որ մասնավոր ընկերությունը կարող է հրազենով խումբ բերել ու կանգնեցնել տուրիստական քաղաքի հիմնական ավտոճանապարհի երկայնքով, ասված է Ձախ դիմադրության հայտարարության մեջ, որում իշխանություններին կոչ են անում դիրքորոշում հայտնել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Երեկ մինչև ուշ երեկո Ամուլսարի մոտակայքում ոստիկանական ուժերի և քաղաքացիների միջև բախումները շարունակվում էին։

Մի քանի ակտիվիստի բերման էին ենթարկել և ավելի ուշ՝ ազատ արձակել։ Գնդեվազի բնակիչներից Արթուր Գրիգորյանի ոտքն էր վնասվել։