Home / Առողջապահություն / Արտակարգ դրությունը երկարաձգվել է 4-րդ անգամ․ գործադիրն այլընտրանքներ է մշակում

Արտակարգ դրությունը երկարաձգվել է 4-րդ անգամ․ գործադիրն այլընտրանքներ է մշակում

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստին որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17։00-ն ներառյալ։

Արտակարգ դրության հիմքերը, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, դեռ շարունակում են պահպանվել։ Ուստի՝ կա անհրաժեշտություն երկարաձգել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ արդեն 4-րդ անգամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված է բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը, բայց Հայաստանի օրենսդրությունը արտակարգ դրության ռեժիմից բացի այլ արդյունավետ գործիքակազմ չի նախատեսում։ Հետևաբար, եթե արտակարգ դրությունը չերկարաձգվի, հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։

«Մենք հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ։ Այս ընթացքում, դեռ նախորդ ամսվանից, մենք որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև։ Այսինքն՝ կառաջնորդվի հենց թիրախավորված հակահամաճարակային միջոցառումների տրամաբանությամբ», – ասել է Փաշինյանը։

Բադասյանը հավելել է՝ օրենսդրությունը մշակվում է Առողջապահության նախարարության հետ համատեղ։ Այն կներկայացվի փորձաքննության։ Պետք է գնահատվի, արդյոք այդ գործիքակազմով հնարավոր է լինելու իրավիճակը վերահսկել, թե՞ ավելի մեծ ազդեցության, այսինքն՝ արտակարգ դրության կարիք կա։ Բոլոր այն իրավունքները, որ սահմանափակվում են արտակարգ դրությամբ, այնուամենայնիվ, հնարավոր է սահմանափակել նաև ճյուղային օրենսդրական կարգավորումներով՝ իհարկե, ծավալների մասով որոշակի մեղմացմամբ։ Հենց այդ մեղմացման հանգամանքն էլ, ըստ Բադասյանի, պետք է գնահատվի։

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշումը ընդունվել է միաձայն։ Ազգային ժողովում այսօր հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կքննարկվեն արտակարգ դրության երկարաձգող որոշմանը և համաճարակային դրությանը վերաբերող բոլոր հարցերը։

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 182 նոր դեպք։ Նախորդ օրը՝ շաբաթ՝ 577 նոր դեպք։ Կիրակի արձանագրված դեպքերի ցածր թիվը, ըստ Առողջապահության նապարար Արսեն Թորոսյանի, պայմանավորված է իրականացված թեստերի քանակով․ երեկ ընդհամենը 698 թեստ է արվել՝ 2-3 անգամ ավելի քիչ, քան արվում է աշխատանքային օրերին։

Կորոնավիրուսային վիճակագրությունը հունիսի 13-ի առավոտյան դրությամբ հետևյալն է․ վերջին մեկ օրում գրանցվել է 182 նոր դեպք, 232 հոգի ապաքինվել է, 9-ը՝ մահացել․ 8 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ՝ այլ հիվանդության պատճառով։

Հանրագումարով՝ մինչ այժմ Հայաստանում գրանցվել է ընդհանուր 32 151 դեպք, որոնցից 19 865-ը՝ արդեն ապաքինված, 756-ը՝ մահվան ելքով․ 573 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, ևս 183 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Մինչ այժմ ընդհանուր 135 687 թեստ է իրականացվել։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 530 մարդ:

650 հոգի ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է, կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնել է նախարար Թորոսյանը։

43 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Վերակենդանացման բաժանմունքներում տեղեր գրեթե չկան։ Սովորական մահճակալների և թթվածնով հագեցված մահճակալների մասով կա որոշակի թեթևացում։ Հոսպիտալիզացիայի կարիք ունեցող, բայց տանը սպասող քաղաքացիներ առավոտյան տվյալներով չկան։

Իրավիճակը, ըստ Թորոսյանի, կայուն է և «կայունից թեևացող»։