Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստին որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17։00-ն ներառյալ։
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը և այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը», – ասված է որոշման մեջ։
Սա ժամկետի արդեն 3-րդ երկարաձգումն է, նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նոր որոշման նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել․
— որոշվել է արտակարգ դրության ընթացքում՝ ՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու/ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար, սահմանափակել դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց։
— հանվել է նաև համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի Առողջապահության նախարարի կողմից սահմանելուն։
— ի տարբերություն առկա կարգավորման, երբ պարետի որոշմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը և դրանց մասնակցությունը, Կառավարության որոշման մակարդակով առաջարկվում է հստակեցնել, որ արգելքը ներկայումս տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա, իսկ պարետը այս արգելքից կարող է միայն բացառություններ նախատեսել։
— հստակեցվել է նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը, նաև՝ նրանց աշխատակիցների մոտ վարակի հայտնաբերման կամ դրա կասկածի դեպքում։
Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշումը ընդունվել է միաձայն։
Ազգային ժողովում այսօր հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվեն արտակարգ դրության երկարաձգող որոշմանը և համաճարակային դրությանը վերաբերող բոլոր հարցերը։
Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է վարակվածության 612 նոր դեպք, 173 հոգի ապաքինվել է, 17 հոգի՝ մահացել․ 13-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 4-ը՝ այլ պատճառներով։ Հունիսի 7-9-ը ժամանակահատվածում դեպքերի որոշակի նվազումից հետո վերջին օրերին կրկին նոր դեպքերի աճ է արձանագրվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարածման տեմպերն արտահայտում են նախևառաջ վերջին 7-10 օրերի ընթացքում հակահամաճարակային կանոնների՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, ձեռքերն ախտահանելու, զանգվածային միջոցառումներից խուսափելու, ոչ պատշաճ պահպանման մակարդակը։
Հունիսի 6-ին հայտարարվել էր, որ առողջապահական համակարգի մահճակալային ֆոնդը գրեթե սպառվել է․ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված վերակենդանացման բաժանմունքերում տեղեր այլևս չկան, բուժանձնակազմը չի հասցնում հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հիվանդանոցներին։ Հետագա մի քանի օրերի ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված հիվանդանոցների ցանկը և մահճակալների ֆոնդն ընդլայնվեց․ կառավարության երեկվա նիստին Առողջապահության նախարարը հայտարարել էր, որ մահճակալային ֆոնդի տեսանկյունից այժմ ունենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն, վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր դեռ կան։