Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է վարակվածության 766 նոր դեպք, 294 հոգի ապաքինվել է, 13 հոգի՝ մահացել․ 10-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 3-ը՝ այլ պատճառներով, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Հունիսի 7-ի առավոտյան տվյալներով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 130 դեպք, որոնցից 4 014-ը` առողջացած, 272-ը՝ մահվան ելքով․ 200-ի հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 72 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 70, 92, 82, 56 տարեկան կանայք և 62, 82, 66 տարեկան տղամարդիկ: Բացի 56-ամյա կնոջից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Փաստացի բուժվում է 8 844 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 69 171(2 497 թեստ՝ վերջին մեկ օրում):
Երեկ երեկոյան՝ պարետատան նիտսից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առողջապահակամ համակարագի մահճակալային ֆոնդը սպառվել է․ վերակենդանացման բաժանմունքներում տեղեր չկան, հիվանդներին հիվանդանոցներ տեղափոխել արդեն չի ստացվում։
«Արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
Ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցել առողջապահական համակարգին, տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ է եղել ուշացումով: Դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի առաջին մահը», – ասել է Փաշինյանը:
Մահվան 2 դեպք է արձանագրվել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց եղել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով, հավելել է վարչապետը։
Այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին․ «Մեր առողջապահական համակարգը այսօր այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/696854221138171/
Տոտալ lockdown-ն, ըստ Փաշինյանի, ցանկալի արդյունքների չի բերելու. «Դա ցանկալի որոշում չէ։ Ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, և մեր վերջին օրերի իրականության մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»:
«Արդեն քայլում ենք դժոխքի միջով: Սրա լուծումը, գոնե միջնաժամկետ, կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, և մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ այդ հիվանդանոցային տեղերի բացակայության և սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը», – եզրափակել է վարչապետը: