Home / Առողջապահություն / 195 նոր դեպք, 11 մահ․ մահճակալային ֆոնդն ընդլայնվում է

195 նոր դեպք, 11 մահ․ մահճակալային ֆոնդն ընդլայնվում է

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է վարակվածության 195 նոր դեպք, 85 հոգի ապաքինվել է, 11 հոգի՝ մահացել, հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Հունիսի 7-ի առավոտյան տվյալներով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4 099-ը` առողջացած, 283-ը՝ մահվան ելքով․ 211 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 72 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Փաստացի բուժվում է 8 943 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 70 000 (ընդհամնեը 829 թեստ՝ վերջին մեկ օրում, այսինքն՝ մոտ 3 անգամ ավելի քիչ, քան նախորդ օրերին):

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը երեկ հայտնել էր, որ կորոնավիրուսի թեստերի հիմնական ծավալն իրականացնող՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան կիրակի չի աշխատել՝ ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով: «Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ», – զգուշացրել էր Ալինա Նիկողոսյանը։ Հաստատված դեպքերի համեմատաբար փոքր թիվն, ըստ էության, պայմանավորված է հենց այս հանգամանքով։

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ, Վեդու բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ, և Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքներից մեկը՝ 35-40 մահճակալ, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար գործարկվել էր մոտ 2 հազար մահճակալ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2658751294445249

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Փաշինյանը հայտնել էր, որ առողջապահակամ համակարագի մահճակալային ֆոնդը գրեթե սպառվել է․ վերակենդանացման բաժանմունքներում տեղեր այլևս չկան, հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում։ 200 հոգի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ 2 հոգի մահացել են՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։ Արձանագրվել է բժշկական օգնության ուշացման պատճառով տնային պայմաններում մահվան առաջին դեպքը։