Երեք օր առաջ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակչուհի Գոհարը (անունը փոխված է կնոջ պահանջով – խմբ․) հարևանուհու կողմից ծեծի էր ենթարկվել։ Շտապ օգնության աշխատակիցները կնոջը հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ արձանագրել էին ուղեղի ցնցում։ Երեք օր է՝ Նոր Նորքի ոստիկանությունը ոչինչ չի անում դեպքի հանգամանքները պարզելու համար։
Epress.am-ի լրագրողին Գոհարը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել իր բնակարանում։ Հարևանուհին եկել է հաշիվներ պարզելու․ հեռախոսով ոմն ոստիկան Գևորգյանի հետ խոսելուց հետո հարձակվել է Գոհարի վրա։
Դրանից հետո զոհի բնակարան են այցելում երեք ոստիկան, ովքեր չեն ցանկանում ներկայանալ։ Երբ Գոհարը պնդում է, եկածներից մեկը ներկայանում է որպես «Գևորգյան», սակայն հերքում է ծեծողի հետ կապը։ Գոհարնն ի վիճակի չի լինում ցուցմունք տալ և մասնակցել այլ գործողությունների, սիրտը խառնում էր, հիվանդանոց տեղափոխվելուց առաջ երկու անգամ ուշաթափվում է։
Հիվանդանոցում Գոհարն կոմպյուտերային տոմոգրաֆիա է անցնում (KT)՝ պարզելու, որ նա չունի գանգի և ողերի կոտրվածքներ։ KT-ի համար նա վճարում է 65 հազար դրամ։
Երկու օր առաջ Գոհարին զանգում են Նոր Նորքի ոստիկանությունից և, տեղեկանալով, որ նա դեռ ի վիճակի չէ գնալ բաժին, կրկին ոչինչ չեն ձեռնարկում։
Ավելի ուշ ծեծողի բարեկամից Ինեսան իմանում է, որ իր վրա հարձակված հարևանուհին մտերիմ հարաբերություններ ունի ոստիկանության աշխատակցի հետ, ինչն էլ, ըստ նրա, իրավապահ մարմինների անգործության պատճառն է։
Ծեծողն, ըստ Գոհարի, մինչև հիմա իրեն սմս-ներով սպառնալիքներ է ուղարկում։