Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է․ մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են դիրքերում մնացած պահապաններին, նրանց մեքենան տեղափոխել են, և այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով ահազանգել է Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)
«Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում», ֊ ասված է ՀԲՃ֊ի տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ուղիղ եթերով հայտնել էր, Ամուլսարի ոսկու հանքի շահագորման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա»֊ի վարձած պահնորդները դիմել են հերթական սադրանքին։
«Սադրիչ֊պահնորդները, առիթից օգտվելով [պահապանների մի մասը ավտոերթով եկել էր Երևան՝ երթի], այնտեղ գործողություններ էին արել․ քաղաքացիների մեքենաները հրելով, գրկելով հանել են այդ տարածքից, փոխարենն ինչ֊որ կամազ են տեղակայել։ Իրենց հաշվարկները սխալ էին։ Իրենք մտածում էին, որ մեր պոստերը թույլ են, իրենք ինչ ուզեն՝ կարող են անել։ Բայց սխալվել էին․ հիմա բնակչությունն այնտեղ է։ Մենք ճանապարհին ենք, շտապում ենք այնտեղ։
Այսօր [Ամուլսարի պահապանների] երկրորդ պահանջը պետք է կատարվի։ Այն է՝ սադրիչ֊պահնորդները պետք է դուրս գան Ամուլսարից։
Իրավիճակը ցույց է տալիս, որ եթե մենք այնտեղ ենք՝ իրենք խելոք են, եթե մենք այնտեղ չենք՝ իրենք գնում են սադրանքների։ Այսինքն՝ մենք անընդհատ պետք է այնտեղ շատ լինենք, որ իրենք իրենց կարգին պահեն։
․․․Նորից ենք կոչ անում պատկան մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն՝ լարվածությունը ցրելու համար։ ․․․Բոլորս հավաքվում ենք Ամուլսարի պոստերում», ֊ ասել է Բունթիանը։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայության աշխատակիցները օգոստոսի 3-4-ի գիշերը ապամոնտաժել և հեռացրել էին Ամուլսարի պահապանների վագոն֊տնակները՝ փոխարենը տեղադրելով իրենց տնակները: Հաջորդ իսկ օրվանից Ամուլսարի դիրքերում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել։ Ցույցերի ընթացքում բախումներ են եղան։
Ամուլսարի պահապանները պահանջում էին՝
— Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված՝ «Լիդիան Արմենիա»-ին պատկանող տնակները։
— Հեռացնել Ամուլսարից սադրանքներ հրահրող պահնորդներին
— Կառավարությանը՝ լիարժեք որոշում կայացնել Ամուլսարի հարցի վերաբերյալ և չեղարկել ոսկու հանքի շահագործման ՇՄԱԳ-ը:
Առաջին պահաջը բավարարվեց՝ Լիդիանի տնակները մայրուղու եզրից հեռացվեցին։