Փոքր Վեդի գյուղի «Զարթոնք» մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը ձերբակալվել է՝ հայտնում են Ոստիկանությունից։
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին (ենթադրաբար մանկապարտեզի տարածքում) ծեծում մոտ 4 տարեկան տղա երեխային։ «Արդեն զզվացրիր դու ինձ», – ծեծելու ընթացքում ասում է կինը։ Երեխան լացելով փորձում է փախնել նրանից։
Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի «Զարթոնք» մանկապարտեզում՝ այս տարվա մայիսին։ Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են՝ բաժին են հրավիրել նաև մանկապարտեզի տնօրենին։ «Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժին»։
Մանկապարտեզի տնօրենության հետ կապ Epress.am-ին չի հաջողվել։
Դեպքի հետ կապված հայտարարություն է տարածել նաև օմբուդսմենի գրասենյակը։
Մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է երեխայի լավագույն շահից ելնելով չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը և զերծ մնալ երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
Այսպիսի տեսանյութեր մամուլում և սոցցանցերում հազվադեպ են հայտնվում։ 2020-ին, օրինակ, ծնողները ձայնագրություն էին հրապարակել, որում լսվում էր, ինչպես է մասնավոր «Մեր բակ» մանկապարտեզի դայակը երեխաներին սպառնում չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, ինչպես հրաժարվում է խմելու ջուր տալ և ծեծում նրանցից մի քանիսին: Երևանի թիվ 92 համայնքային մանկապարտեզում էլ երեխաներին, «դաստիարակչական նպատակներից» ելնելով, կապել էին աթոռներից։ Նման դեպքեր, ենթադրաբար, ավելի հաճախ են լինում, քան ձայնագրվում են և հանրայնացվում։
Եթե մամուլի ուշադրությունը գրաված այս երկու գործով մեղավորները գոնե հայնատաբերվել և պատասխանատվության են ենթարկել, «Զատիկ» կիսափակ խնամքի կենտրոնի դեպքում բացարձակապես ոչինչ չի արվել։ Դիտորդներն ու ՄԻՊ-ը այնտեղ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության բազմաթիվ դեպքեր էին արձանագրել, հաղորդումները հրապարակվել էին և փոխանցվել նախարարությանը։ Որևէ քննություն առ այսօր չի արվել, փոխարենը նախարարությունը լուծարել է բռնությունները արձանագրած դիտորդական խումբը։
«Զատիկի» մասին՝
Երևանյան գիշերօթիկի սարսափները
Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք
Երեխաները մնում են «Զատիկի» գերին․ նոր արձանագրումներ
«Զատիկում» սեռական բռնության մասին նոր ահազանգը անսպասելի չէր
«Ձեր հալը կտեսնեք»․ երեխաներին շարունակում են տանջել Զատիկում
Պետք է լռել «Զատիկում» երեխաների տառապանքների մասին․ նախարարությունը հեռացրել է դիտորդներին