Ռուսաստանի Աստրախանի մարզի մահմեդական հոգևորականությունը հուլիսի 24-ին տեղացի կանանց հորդորել է խուսափել նիկաբով հանրային վայրեր գնալուց։
Մահմեդական կրոնական հանդերձանք, և մասնավորապես նիկաբներ կրելու արգելքների կամ սահմանափակումների մասին որոշումները մերձռուսական մուսուլմանական տարածքներում շրջանառվում են ամսվա սկզբից։ Հուլիսի 3-ին Դաղստանի մուֆտիատը հայտարարել էր նիկաբ հագնելու ժամանակավոր արգելքի մասին` «մինչև նոր աստվածաբանական եզրակացության հրապարակումը»։
Հաջորդ օրը Կարաչաևո-Չերկեսիայի մահմեդականների առաջնորդները ևս նմանատիպ արգելք էին սահմանել։ Հուլիսի 7-ին Կաբարիդինո-Բալկարիայի մուֆտիատը` հղվելով իսլամիստ գիտնականներին, հայտարարել էր, որ նիկաբ կրելն ավանդույթ է, ոչ թե մահմեդական կանանց պարտականությունը։ Հյուսիսային Օսետիայի մուսուլմանների գլխավոր հոգևոր ղեկավարությունը և մասնավորապես հանրապետության մուֆտիի տեղակալ Իբրահիմ Ձագուրովը հուլիսի 8-ին խորհուրդ էին տվել խուսափել նիկաբ հագնելուց, ընդգծելով, որ դա հորդոր է, ոչ թե արգելք։
Հունիսի 23-ին` քրիստոնեական Սուրբ Երրորդության օրը, Դաղստանի Դերբենդ և Մախաչկալա քաղաքներում զինված անձինք հարձակումներ էին գործել սինագոգների և ուղղափառ եկեղեցիների վրա։ Նվազագույնը 22 մարդ մահացել էր, 46-ը` վիրավորվել։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը նույն օրը հայտարարել էր, որ ահաբեկչությունը կազմակերպվել է «Իսլամական պետության» «Կովկաս Վիլայեթ» ստորաբաժանման կողմից։ Հարձակումներից հետո Հյուսիսային Կովկասի հանրապետություններում ակտիվորեն սկսել է քննարկվել կրոնական հանդերձանքն արգելելու հարցը։
Հուլիսի 24-ին Աստրախանի մահմեդականների հոգևոր առաջնորդության պրեզիդիումի նիստի ժամանակ «միաձայն որոշվել է, որ պետք է տեղի բնակչուհիներին հորդորել չհագնել նիկաբ հանրային վայրերում»։ Մուսուլման ղեկավարները կարծում են, որ «հասարակության մեջ իսլամաֆոբիայի առաջացման մեծ ռիսկեր կան», ինչը «կարող է բացասաբար ազդել հանրային անվտանգության ապահովման վրա»։
Ավելի վաղ Ռուսաստանի Պետական Դումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովն առաջարկել էր կրթական հաստատություններին իրավունք տալ արգելել կրոնական հագուստը։ Նաև քննարկվել էր օրենսդիր և մունիցիպալ հավաքներին տալ իրավասություններ հանրային վայրերում կրոնական շորերով լինելն արգելելու համար։ Կոմունիստական կուսակցության պետդումայի պատգամավորներ Միխայիլ Մատվեևն ու Սերգեյ Օբուխովն օրենքի նախագիծ էին պատրաստել, համաձայն որի հանրային վայրերում դեմքը փակող հագուստով լինելը պետք է տուգանվի։
Հյուսիսային Կովկասի մահմեդականների համակարգող կենտրոնը դիմել էր Ռուսաստանի նախագահին և Պետական դումային` Դավանկովի առաջարկած օրենքը չընդունելու խնդրանքով։ Մուֆտիները հայտարարում էին, որ դա հավատացյալների իրավունքների խախտում և իսլամաֆոբիա է, իսկ վերջերս սկսված «հորդորներն» իրականում չեն կարող արգելել նիկաբ կրելը, քանի որ դա չի հակասում շարիաթի նորմերին։