Կաբարդա-Բալկարիայում տեղի ունեցած ՃՏՊ-ն խլել է երեք քույրերի՝ 48-ամյա Ալբինայի, 43-ամյա Ամինայի և 42-ամյա Արինայի կյանքը։ Քննիչները դիտարկում են ինքնասպանության վարկածը։
Քույրերի աճյունները հայտնաբերվել են զառիվայրից ցած նետված Մերսեդեսի այրված սալոնում։ «Кавказ.Реалии»-ն գրում է, որ պատահարից ընդամենը մի քանի օր առաջ ինքնասպան է եղել նրանց չորրորդ՝ ավագ քույրը։
Baza-ի տվյալներով, ավագ քրոջ ինքնասպանությունից հետո բարեկամները սկսել են մեղադրել Ալբինային, Ամինային և Արինային։ «360» հեռուստաալիքի անանուն աղբյուրն ասել է, թե «ընտանիքում կոնֆլիկներ և ճնշումներ չեն եղել», մինչ այդ ինքնասպան եղած կինը «հոգեկան խնդիրներ է ունեցել», նրա խնամքով զբաղվել են երեք քույրերը։
4 կանայք միասին են ապրել՝ ամուսնացած չէին, երեխաներ չունեին։
Երեք քույրերի հնարավոր ինքնասպանության մասին ուժայիններին պատմել է նրանց եղբայր Ալիմը։
Եղբոր խոսքով, պատահարի օրը ինքը հեռախոսով խոսել է քույրերից մեկի հետ, կինը ասել է, որ իրենք նետվելու են ժայռից՝ գնալու են «ավագ քրոջ հետևից»։
Հեռախոսազրույցից մեկ ժամ անց ժայռում հայտնաբերվել է նրանց այրվող մեքենան։
Նիժնի Չեգեմ ավանի մոտակայքում հունիսի 17-ին տեղի ունեցած ՃՏՊ պատճառների ուսումնասիրությունը վերահսկելու է Ռուսաստանի կազմի մեջ մտնող հյուսիսկովկասյան հանրապետության դատախազությունը՝ գրում է «Коммерсант»-ը․ «Դիտարկվում են բոլոր, այդ թվում՝ ինքնասպանության վարկածները»։