Շվեցարիայում ֆրանսիացի ընտանիքը ինքնասպան է եղել՝ մեկը մյուսի հետևից դուրս ցատկելով բնակարանի պատշգամբից։
Շվեցարիայի զբոսաշրջային քաղաք Մոնտրյոյում ֆրանսիացի մի ընտանիք՝ 40-ամյա տղամարդը, նրա 41-ամյա կինը, նրանց 8-ամյա աղջիկն ու 15-ամյա տղան, նաև կնոջ զույգ քույրը խմբակային ինքնասպանություն են գործել՝ դուրս նետվելով 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից։ Ողջ է մնացել միայն 15-ամյա տղան, ով այժմ կոմայի մեջ է։
Ոստիկանները պատշգամբում սանդուղք են հայտնաբերել․ պայքարի ոչ մի նշան չկա, ձայներ չեն լսվել։ Այսինքն՝ բռնության հետքեր չկան։
Ըստ ոստիկանության, կորոնավիրուսի համաճարակի առաջին օրերից ի վեր՝ ընտանիքը հետաքրքրված է եղել «դավադրության ու գոյատևման» տեսություններով, կուտակել է հսկայական քանակի սնունդ։
«Ընտանիքը ապրում էր կարելի է ասել ավտարկիայի մեջ՝ մեկուսացված հասարակությունից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միայն կնոջ զույգ քույրն էր աշխատում բնակարանից դուրս։ Աղջիկը չէր սովորում դպրոցում, որդին տնային կրթություն էր ստանում, ինչը օրինականացված է Շվեցարիայում, բայց պահանջում է ընթացիկ ստուգումներ։
Ընտանիքը երկար ժամանակ չի պատասխանել դպրոցի հարցումներին։ Հենց այս նպատակով՝ նրանց տուն են այցելել ոստիկաններ, թակել են դուռը, հայրը հարցրել է նրանց ինքնությունը, ոստիկանները ներկայացել են, որոշ ժամանակ անց՝ պատասխան չստանալով, հեռացել։ Ոստիկանները դեռ շենքում են եղել, երբ բնակիչներից մեկը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատշգամբից դուրս են նետվել հարևան ընտանիքի անդամները։