Home / Հայաստան / Սովամահ եղած հայ քույրերը չէին ուզում լքել Խարթումը

Սովամահ եղած հայ քույրերը չէին ուզում լքել Խարթումը

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաքում հայտնաբերել են 2 հայ կանանց դիերը։ Տարեց քույրերը, ամենայն հավանականությամբ, սովամահ են եղել հունիսի առաջին օրերին։

«Զո­ւարթ եւ Ար­փի Եկա­ւեան­ներ, որոնք կը բնա­կէին մայ­րա­քաղաք Խար­թումի թիւ 51 փո­ղոցը գտնո­ւող իրենց յար­կա­բաժ­նին մէջ, մա­հացած են ու­տե­լիք եւ ջուր չու­նե­նալու, այլ խօս­քով՝ սո­վի պատ­ճա­ռով։

Անոնց ու­տե­լիք մա­տակա­րարող ան­ձը վեր­ջին շաբ­թո­ւան ըն­թացքին շրջա­նին մէջ տե­ղի ու­նե­ցած մար­տե­րուն պատ­ճա­ռով չէ կրցած հաս­նիլ օգ­նութեան եւ տա­րածուած է անոնց մա­հուան բօ­թը», – ավելի վաղ գրել էր «Արե­ւելք» կայ­քը։

Մինչ այդ քույրերին առաջարկել են լքել քաղաքը, բայց «անոնք մեր­ժած էին բո­լոր խոր­հուրդնե­րը և բնա­կարա­նը կորսնցնե­լու վա­խը ու­նե­նալով՝ փոր­ձած էին դի­մանալ»։

Հայաստանի արտգործնախարարության տվյալներով՝ տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, կրտսերը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է նրան խնամելու։

2023-ի ապրիլից Սուդանում լայնածավալ քաղաքացիական պատերազմ է։ 2021-ի ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանությունը զավթած խունտայի ներսում պառակտում է տեղի ունեցել։  Մի կողմից Սուդանի փաստացի նախագահ, գեներալ, մեծահարուստ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանն է, որին ենթարկվում է կանոնավոր բանակը, մյուս կողմից՝ նրա նախկին տեղակալ, գեներալ, մեծահարուստ Մոհամեդ Համդան Դաղալոն, որը ղեկավարում է «Արագ աջակցության ուժեր» (RSF) զինված խմբավորումը՝ հայտնի Ջարֆուրում ջարդերով, Յեմենի և Լիբիայի պատերազմներին իր մասնակցությամբ, 2019-ին խաղաղ ցուցարարների զանգվածային սպանությամբ։ Երկրում իրական սով է՝ սննդի, ջրի դեֆիցիտ, քայքայված ենթակառուցվածներ և մասսայական թալան։

տե՛ս Սուդանի բանակայինները պատերազմում են իշխանության համար․ մանրամասները

Հայաստանի արտգործնախարարության տվյալներով, Սուդանում մոտ երկու տասնյակ հայեր էին ապրում։ Ռազմական գործողությունների վերաբռնկումից հետո նրանցից 8-ը Եգիպտոսում Հայաստանի դեսպանության օգնությամբ լքել է երկիրը, մոտ 10-12 հոգի դեռ այնտեղ է մնում։