Home / Բանակ / Սուդանի բանակայինները պատերազմում են իշխանության համար․ մանրամասները

Սուդանի բանակայինները պատերազմում են իշխանության համար․ մանրամասները

Սուդանում գեներալները չեն կիսել իշխանությունը, արդյունքում զոհվում են բնակիչները: Խարթումը հինգ օր է պայթյունների, օդային ռմբակոծությունների, հրետանակոծության և ցամաքային մարտերի մեջ է։ 

2021 թվականի ռազմական հեղաշրջմամբ իշխանությունը զավթած խունտայի ներսում պառակտում է տեղի ունեցել․ մի կողմից Սուդանի փաստացի նախագահ, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանն է, որին ենթարկվում է կանոնավոր բանակը, մյուս կողմից՝ նրա նախկին տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դաղալոն, որը ղեկավարում է «Արագ աջակցության ուժեր» (RSF) զինված խմբավորումը։

Բանակի և RSF-ի զինյալների միջև կատաղի մարտեր են ընթանում Սուդանի գրեթե ողջ տարածքում։ 

ԱՀԿ վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 270-ի, ավելի քան 2,6 հազար մարդ վիրավոր է։ Խաղաղ բնակիչներին հորդորել էին փողոց դուրս չգալ, նրանցից շատերը, արդյունքում, սպանվել կամ վիրավորվել են հենց իրենց տների մեջ` Ալ-Ջազիրային պատմել է ականատեսներից մեկը:

Թե ով է առաջինը կրակել՝ հայտնի չէ։ Ե՛վ կանոնավոր բանակը, և՛ նրան «ընդդիմացած» RSF-ը պնդում են, որ վերահսկում են մայրաքաղաքի առանցքային օբյեկտները։ Հեռուսատեսության աշխատանքը դադարեցվել է, ուղիղ հեռարձակումներ չկան։ 

Ռազմական խունտայի ճեղքումը պայմանավորված է քաղաքացիական կառավարմանն անցնելու շուրջ տարաձայնություններով, գրում է ԲիԲիՍին։ Հիմնական բանը, որի շուրջ գեներալները չեն բարիշել, RSF-ի՝ հազարավոր զինյալներից բաղկացած «Արագ աջակցույան ուժերի» հնարավոր ինտերգրումն էր կանոնավոր բանակին և այն, թե ով է ի վերջո այդ բանակը ղեկավարելու։

Ներքին հակամարտությունը սրվել է, երբ Դաղալոն որոշել է տարակենտրոնացնել RSF-ն, որոնք մոտ 100 հազար զինյալ ունեն։ Ալ-Բուրհան սա ընկալել է որպես ուղիղ մարտահրավեր իր իշխանությանը։

19sudan-top2-cgbp-jumbo
ձախից գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանն է, աջից՝ Մոհամեդ Համդան Դաղալոն, 2019-ին

RSF, ի դեպ, ձևավորվել է 2013 թվականին՝ «Ջանջավիդ» աշխարհազորի հիմքով, որը ժամանակին ամենաբարբարոսական ձևերով կռվում էր Ջարֆուրի ապստամբների դեմ։ Խոսքը զանգվածային պատերազմական հանցագործությունների և առնվազն 300 հազար զոհերի հանգեցրած հակամարտության մասին է։

2013-ից հետո գեներալ Դաղալոն՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, փաստացի ստեղծել է հզոր ռազմական խմբավորում, որը պատերազմների է մասնակցել Յեմենում և Լիբիայում։ Խմբավորումը վերահսկում էր Սուդանի ոսկու հանքերի մի մասը։ Խոսքը, այսինքն, մեծ քանակությամբ զենքի և հսկայական փողերի մասին է։

Այս խմբավորումը, ի թիվս այլի, մեղադրվում է ավելի քան 120 ցուցարարների սպանության մեջ՝ 2019 թվականի զանգվածային բողոքի օրերին։

գեներալները տապալում են հրադադարը

Ապրիլի 16-ին կողմերը համաձայնվել էին մի քանի ժամով՝ 16։00-ից 19։00-ն, դադարեցնել մարտերը, թույլ տալով խաղաղ բնակիչներին լքել տարածքը և վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Ականատեսների խոսքով, հայտարարված հրադադարը շատ կարճ է տևել, իսկ որոշ վայրերում, օրինակ՝ Խարթումի օդանավակայանի մոտակայքում, կրակն առհասարակ չի դադարել։ 

Ապրիլի 18-ին հայտարարված 24-ժամյա հրադադարը ևս տապալվել է․ բախումները մայրաքաղաքում և մի շարք այլ շրջաններում շարունակվում են։ 

Թեժ մարտեր են Խարթումի Հանրապետական պալատի, Բանակի հրամանատարության շենքի, Ալ-Շաաբ հիվանդանոցի և Միջազգային օդանավակայանի մոտակայքում։

Միջազգային մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հյուսիս-արևելյան Պորտ-Սուդան քաղաքում մարտերն ավարտվել են։ Ականատեսների խոսքերով՝ ապրիլի 16-ի առավոտվա դրությամբ բանակին այնտեղ հաջողվել է գրավել RSF-ի երկու բազաները։ Սուդանի բանակը վերջին ժամերին մի շարք նոր հաջողություններ է արձանագրել նաև հյուսիսում՝ արդեն այսօր հայտարարել է իշխող թեևը, ըստ որի բանակային ստորաբաժանումներին հաջողվել է վերահսկողության տակ առնել Մերովե քաղաքի ավիաբազան։

Ապրիլի 15-ից ի վեր Սուդանի պետական լրատվամիջոցները դադարեցրել են ուղիղ հեռարձակումները։ 

Հակամարտող կողմերը պարբերաբար միմյանց հակասող տեղեկություններ են տարածում՝ հիմնականում սոցցանցային հրապարակումների միջոցով։ Իրական վիճակի մասին ստույգ տեղեկություններ չկան։

ջրի և սննդի պաշարները սպառվում են․ հիվանդանոցները լիքն են

Խարթումում ջրի և սննդի պաշարներն արդեն սպառվում են, էլեկտրամատակարումները խափանված են։

Տեղացիներից մեկը՝ Դուաա Թարիքը, ԲիԲիՍիին պատմել է, որ երեքշաբթի առավոտյան իրենց տանը պրծել են շշալցված ջրի պաշարները, որոնք այլևս հնարավոր չէ համալրել։

Քաղաքային մարտերի պայմաններում խանութները փակ են։

Մայրաքաղաքի բնակիչները պատմում են, որ «Արաջ աջակցության ուժերի» զինյալները տնետուն են գնում, ջուր և սնունդ պահանջում։ Զինված մարդկանց մերժելն այդքան էլ հեշտ չէ։

Խարթումի որոշ շրջաններում նաև թալանի դեպքեր են արձանագրվել։

Տեղացիների խոսքով՝ ամենաթեժ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող օդանավակայանի մոտ են։ Օդանավակայանից մերձակայքում են գտնվում Սուդանի ռազմական գերատեսչության շենքերն և ուռուցքաբանական հիվանդանոցը։ Փողոցներով տանկեր են շարժվում։

Հիվանդանոցները, այդ թվում՝ ուռուցքաբանականը, լեփ-լեցուն են։ Որոշ բժշկական կենտրոններ ռմբակոծվել են։

Երկուշաբթի օրվանից բժշկական հաստատություններում դեղորայքի և սննդի դեֆիցիտ է։

ԱՀԿ-ի տվյալներով, մատակարարումները խափանված են երկրի գրեթե ողջ տարածքում։

«Մեզ հաղորդում են, որ հիվանդանոցների մեծ մասում դեղերի, արյան, թթվածնի և բժշկական գործիքակազմի պաշարները սպառվել են», – հայտարարել է ԱՀԿ Սուդանի մասնաճյուղի ներկայացուցիչը։

Կարմիր խաչի տեղական ներկայացուցչությունը հաղորդմամբ, հազարավոր մարդիկ փակված են իրենց տներում։ Նրանք օգնություն են խնդրում։ Բայց հոծախումբ ավիառմբակոծությունների պայմաններում ոչ ոք ոչնչով օգնել չի կարող։

Խարթումում մոտ 5 միլիոն մարդ է ապրում։ Ընդհանուր առմամբ Սուդանի բնակչությունը գերազանցում է 35 միլիոնը։

դիվանագետները գնդակոծվել են, գեներալները շարունակություն են ուզում

Ապրիլի 17-ի երեկոյան գնդակոծության տակ է ընկել նաև ամերիկացի դիվանագետների մեքենան։ Վիրավորներ չկան՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպը, որը միջադեպից հետո մտադիր է «ուժեղացնել իր անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված միջացառումները»։

«Դա անմիտ և անպատասխանատու ակցիա էր, որը անվտանգային լուրջ հարցեր է հարուցում», – Ճապոնիայում՝ «Մեծ յոթյակի» ներկայացուցիչների հանդիպմանը, ասել է Պետդեպի ղեկավար Էնթոնի Բլինքենը։

Ամերկյան դիվանագիտական առաքելության տարհանման հարց չի քննարկվում՝ հավաստիացրել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

Մինչ այդ Խարթումի իր տանը հարձակման է ենթարկվել նաև Եվրամիության դեսպան, իռլանդացի դիվանագետ Էյդան Օ՛Հարան։ ԵՄ-ն այժմ ուսումնասիրում է իր դիվանագետների անվտանգության համակարգը։

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագիրը» աշխատակիցներից երեքը սպանվել են հյուսիսային Դարֆուրում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, ևս երկուսը վիրավորվել են։ Մարտերի հետևանքով Խարթումի օդանավակայանում վնասվել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական ծառայության ինքնաթիռներից մեկը։ «Պարենի համաշխարհային ծրագիրը» ապրիլի 15-ից դադարեցրել է իր աշխատանքը Սուդանում։

Աֆրիկյան միությունը, արաբական երկրները, ԱՄՆ-ն կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել իշխանությունը զինվորականներից քաղաքացիական անձանց փոխանցելու գործընթացը: 

Պատերազմող կողմերի արձագանքից դատելով՝ նրանցից ոչ մեկը չի պատրաստվում հետևել այս կոչերին: «Արագ աջակցության ուժերի» հրամանատար, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոն հայտարարել է, որ Սուդանի առաջնորդ Աբդել Ֆաթթահը հանցագործ է և պետք է հանձնվի։ Բանակը, իր հերթին, հայտարարել է, որ ոչ մի բանակցություն տեղի չի ունենա, մինչև «Արագ աջակցության ուժերը» չլուծարվեն: