Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։ Ըստ ընթացակարգի՝ վարչապետը այսօր պետք է հանդես գար ելույթով։ Հարցուպատասխանը տեղի կունենա արդեն հաջորդ նիստին։ Չնայած քննիչ հանձնաժողովի նիստերը սովորաբար դռնփակ են անցկացվում, Փաշինյանի ելույթը հեռարձակվում էր լայվ ռեժիմով։
Ընդդիմությունը նրա հանդիպումները բոյկոտում է՝ հիմնավորմամբ, որ դրանք «շոու» են, որը նպատակ ունի «Փաշինյանի վրայից հեռացնել քաղաքական պատասխանատվությունը»։ Ազգային ժողովի խոսնակը այսօր հակադարձել էր՝ ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեն վարչապետին ուղիղ եթերում հարց տալ վերջին տարիների ընթացքում իրենց հնչեցրած բոլոր մեղադրանքների վերաբերյալ, բայց քանի որ իրական «ասելիք չունեն», որոշել են այդ հնարավորությունից չօգտվել։
Ալիևը չէր ուզում
Ինչո՞ւ 44-օրյա պատերազմը կանգ առավ միայն նոյեմբերի 9-ին։ Ըստ Փաշինյանի՝ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկումը։
«Էականն այստեղ Շուշիի ռազմավարական արժեքն էր՝ հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր 5-րդ փորձն էր»։
Առաջին փորձը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով Փաշինյանը զանգահարել է Ռուսաստանի նախագահին։ Ըստ նրա, այդ օրը Պուտինն առաջարկել է իր միջնորդական ջանքերը՝ հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար։
«Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում ու հետո սկսվեն խորհրդակցություններ», – պատմել է Փաշինյանը՝ նշելով, որ նույն օրը տեղի ունեցած երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը փոխանցել է, որ Իլհամ Ալիևը համաձայն չէ հրադադար հաստատելուն։
Հաջորդ օրը Պուտինը տեղեկացրել է Փաշինյանին՝ ադրբեջանական կողմը նախապայմաններ ունի՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Բացի դա, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում էր ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին և Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար էր հայտարարվելու, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար»։
Երևանը այս նախապայմանները չի ընդունել։
հանուն Շուշիի
«2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման։ Նրանք ակնկալում են երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: ․․․[Պատերազմից հետո] ինձ մեղադրում էին նրա մեջ, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնային Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական», – ասել է Փաշինյանը:
Ռուսաստանի նախագահն, ըստ նրա, առաջարկել է, որ փախստականների վերադարձի հարցը փոխկապակցվածության մեջ դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ ադրբեջանցիների վարեադարձի հարցը լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ:
«Ես այս ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժեց՝ ասելով, որ կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել: Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի: Ասենք, օրինակ, 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել՝ ընդհուպ կարող էին գնալ և մնալ։
Բայց ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան:
Այսինքն՝ Ադրբեջանի այդ պահի առաջարկով Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության, առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման։ Նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ այնտեղ կարող է լինեին ադրբեջանական զինված ստորաբաժանումներ։
Աա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը, առանց չափազանցության, Շուշին Ադբեջանին հանձնելու մասին էր:
Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը հետևյալն էր՝ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ: Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա կանխատեսումն ապացուցեցին բոլորին հայտնի հանգամանքներով»,- հավելել է Փաշինյանը:՛
սողացող անկում
Վարչապետը շեշտել է՝ իր դիրքորոշումն ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, եղել է հետևյալը՝ ճանապարհները պետք է բացվեն, Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցքի տեսքով։
«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ-ի էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին, Շուշին հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող։ Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել որքան էլ եսհասկանում էի իրադրության ծանրությունը»։
Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում՝ շարունակել է վարչապետը․ «Քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նկատապ և մոտիվացիա», «Շուշին վերցնելով ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը և արդեն ոչ միայն ճակատից այլև թիկունքից գրոհել ՊԲ 5, 6, 7-րդ պաշտպանական շրջանները»։
Փաշինյանը հավաստիացրել է՝ հաշվի առնելով Շուշիի անկյունաքարային նշանակությունը, նախօրոք տվել է բոլոր հրահանգները՝ Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ։
«Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է, բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ ըստ էության փակել ճանապարհը։
Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈւ ԳՇ-ն չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահն ասում է, ԳՇ-ն չի հաստատում։
Հետո լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին», – պատմել է Փաշինյանը։
Շուշիի անկման դրվագի հետ կապված քրեական գործեր են հարուցված՝ հիշեցրել է պաշտոնյան․ «Այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման»։
վատից վատը
Փաշինյանը համաձայնել է բանակցություններ սկսել և պահանջել է, որ նախապատրաստվող փաստաթղթում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ։ Առաջարկել է, որ հայկական կողմն Աղդամի շրջանը վերադարձնի Հադրութի շրջանի դիմաց։ Ադրբեջանը այս առաջարկը մերժել է։
«Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը», – ասաց վարչապետը։
Այդ պահին, ըստ նրա, իրավիճակն արդեն հասել էր շրջադարձային կետի՝ եթե կարողանում են պահել Շուշին դա շրջադարձ է, եթե չեն կարողանում պահել՝ դա էլ է շրջադարձ․ «Նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ասում էին, որ Շուշին մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չենք կարող»։
Նոյեմբերի 8-ից 9-ը, ըստ Փաշինյանի, ինքը շուրջ 20 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը Ադրբեջանը չի ընդունել։
«Ի վերջո քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը»։
Ադրբեջանը եռակողմ հայտարարությունը, ըստ նրա, չէր ստորագրել, փոխարենը նոր լրացումներ էր պահանջել։
«Օրվա ընթացքում էդ ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ։ Օրվա ընթացքում տարբեր քննարկումներ, տարբեր համաձայնություններ եղան, օրվա վերջում պարզվեց, որ նոր լրացումներ են առաջարկվում։ Այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրվի ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում», – շարունակել է Հայաստանի ղեկավարը։
Որոշ ժամանակ անց համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։
«Տևական բարդ քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն իհարկե ավելի վատն էր քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիով միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»։
ինչպե՞ս չխուսափել պատերազմից
Հնարավո՞ր էր արդյոք խուսափել 4 հազար մարդու կյանք խլած պատերազմից։ Ըստ Փաշինյանի՝ «այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը»։
«2018 թվականի մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար։ Առաջին տարբերակ՝ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ, նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանը ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել Ապրիլյան քառօրյա պատերազմը։ Տարբերակ երկու․ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյի, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել», – հավելել է վարչապետը։