հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից

Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից

Գրեթե ողջ շաբաթ Միացյալ Նահանգներում շարունակվում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները՝ Պետդեպի միջնորդությամբ։ Քառօրյա երկկողմ և եռակողմ շփումների արդյունքները չեն բացահայտվում, բայց այն, որ բանակցությունների ավարտին նույնիսկ համատեղ հայտարարություն չի ընդունվել, կասկածներ է հարուցում, որ աննախադեպ առաջընթաց դեռևս չկա։

Երևանի և Բաքվի նույնանման հաղորագրություններով ամփոփվել է, որ բանակցությունների ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը «փոխըմբռնման առաջընթաց են ունեցել» խաղաղության պայմանագրի որոշ հոդվածների շուրջ, բայց «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

Ավելի ուշ Հայաստանի վարչապետը մանրամասնել է՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների ձևաչափին, սահմանազատման գործընթացին և խաղաղության երաշխիքներին։

Ղարաբաղ

Առանցքային հարցերը, որոնք խանգարելու են խաղաղության պայմանագրի օրակարգում էական առաջընթացին, ըստ ամենայնի՝ երեքն են։ 

Առաջինը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հարցն է։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ Երևանը պնդում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում պետք է այնպիսի դրույթ ներառվի, որը Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների առանձին տրեկ է ստեղծում, և այդ տրեկը պետք է լինի միջազգային, այն պետք է ապահովի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

«Ադրբեջանի համար այս դրույթն անընդունելի է, Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղին վերաբերող հարցերում որևէ միջազգային ներգրավվածություն չպետք է լինի, որ դա իրենց ներքին գործն է։ Բայց Երևանի համար սա սկզբունքային դրույթ է՝ կարմիր գիծ, և հազիվ թե առանց սրա Հայաստանը խաղաղ պայմաններում որևէ փաստաթուղթ ստորագրի», – Էխո Կավկազայի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում նշում է հայաստանցի փորձագետը։

Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավար, բաքվեցի Ֆարհադ Մամեդովը հակադարձում է՝ հայկական կողմը ցանկանում է, որ այս կամ այն կերպ ամրագրվի «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության բացառիկ տարրը՝ անկախ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքներից և անվտանգությունից»։

«Նախ՝ նրանք ցանկանում են ստեղծել միջազգային մանսակցությամբ ձևաչափ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության համար։ Այստեղ մի էական բան կա՝ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը պետք է լուծվի Ադրբեջանի օրենսդրության և միջազգային այն կոնվենցիաների համապատասխան, որոնց Ադրբեջանը միացել է։ Կարծում եմ, դա է պատճառը, որ Ադրեջանի նախագահը հայտարարում էր՝ եթե Ա-ն ասում եք, Բ-ն էլ պետք է ասեք, այիսնքն՝ եթե խոսում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ապա պետք է ընդունեք, որ այդ տարածքը Ադրբեջանի մաս է, հետևաբար՝ իրավունքների և անվտանգության երաշխիքները պետք է ուրվագծվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում», – պաշտոնական Բաքվի դիրքորոշումները վերաշարադրել է ադրբեջանցի փորձագետը։

Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգությանը վերաբերող հայտարարությունների ֆոնին Բաքուն սկսել է խոսել «Զանգեզուրի»՝ ժամանակին Սյունիքի մարզում ապրած ադրբեջանցիների իրավունքների մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը, թե բանակցությունների ընթացքում քննարկվում են երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, մեկնաբանվել էր որպես այս խոսակցությունների ըստ էության ինստիտուցիոնալիզացում։

Տիգրան Գրիգորյանը հավաստիացնում է՝ ամերիկացի դիվանագետի «բավականին խնդրահարույց» հայտարարությունը «սխալմունք» էր, այն հրապարակվել էր «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության կայքում և մի քանի ժամ անց հեռացվել։ Բանակցային օրակարգում նման հարց չկա․ «Հասկանալի է, որ «Արևմտյան Ադրբեջանի» կամ «Զանգեզուրի» հարցը Ադրբեջանը ստեղծել է որպես հայելային նարատիվ՝ ընդդեմ Ղարաբաղի շուրջ հայկական դիրքորոշումների, բայց միջնորդներից ոչ մեկը սրան, իհարկե, լուրջ չի վերաբերվում»։

Ըստ հայաստանցի փորձագետի՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի շուրջ Երևանի դիրքորոշումն ընդհանուր առմամբ ընդունելի է միջնորդների համար, որովհետև «բոլորն էլ այնպիսի տեսակետ ունեն, որ առանց երաշխիքների նման պայմանագրի ստորագրումը կարող է հանգեցնել աղետի Լեռնային Ղարաբաղում»։ 

Գրիգորյանը հիշեցրել է՝ նման գաղափար է առաջարկվել նաև 2022 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Ջեյք Սալլիվանի հանդիպման ժամանակ, և սա եղել է ամերիկյան կողմի առաջարկը։ Երևանի համար սա, թերևս, մեծ հնարավորություն էր, որը թույլ էր տալիս ներքին լսարանի առջև ինչ-որ կերպ հիմնավորել խաղաղության պայմանագրում Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող դրույթների բացակայությունը։

Երևանը նաև խաղաղության պայմանագրի իմպլեմենտացման հստակ երաշխիքներ է պահանջում․ այս հարցի շուրջ կողմերի «դիրքորոշումները նույնպես մնում են տարամետ»։

սահմաններ

Երկրորդ հարցը, որի շուրջ պաշտոնական Երևանի և Բաքվի «դիրքորոշումները մնում են տարամետ», վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին։ 

«Արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ հետ քաշել իր զորքերը այն դիրքերից, որոնք գրավվել են 2021 թվականի մայիսից հետո։ Կա նաև այսպես կոչված էքսկլավների խնդիրը՝ գյուղեր, որոնք վերահսկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից», – մեկնաբանում է Տիգրան Գրիգորյանը։

Ադրբեջանը պարբերաբար խոսում է իր անկլավների՝ 8 գյուղերի վերադարձի մասին։ Սա բանակցային պրոցեսը ամենացավոտ կետերից մեկն է։ Հայկական կողմը առաջարկում է փոխանակվել անկլավներով, Ադրբեջանը պնդում է դրանց վերադարձի անհրաժեշտության վրա։ Եթե անկլավները անցնեն հարևան պետության վերահսկողության ներքո, դա մեծ լոգիստիկ խնդիրներ և հավանական նոր էսկալացիաներ է ստեղծելու սահմանամերձ հատվածում։

Ըստ Ֆարհադ Մամեդովի՝ Բաքվի այս պահանջը ավելի շուտ բանակցային ճնշման գործիք է, քան հաստատված նպատակ։ Իրական նպատակը, ըստ նրա, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Նա չի բացառում, որ անկլավների, սահմանների, բնական ռեսուրսների օգտագործման հարցերը կարող են թողնվել ապագային, այսինքն՝ մնալ խաղաղության պայմանագրից դուրս։

միջանցքներ, անցակետեր, ապաշրջափակում

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո իրադրությունը ըստ էության փոխվել է։ Խոսքը նախևառաջ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների մասին է։

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ըստ էության չի գործում, զուգահեռաբար խոսվում է Նախիջևանն Ադրբեջանին կապող Մեղրիի («Զանգեզուրի») ճանապարհին հայկական անցակետի մասին, որի հավանականությունը Բաքուն մինչ այս մերժում էր։

Ըստ պայմանավորվածությունների, Մեղրիի ճանապարհը պետք է վերահսկվեր ռուսական ԱԴԾ-ի կողմից․ Լաչինում ստեղծված իրավիճակի ֆոնին այս հարցը և՛ս տարամետ մեկնաբանությունների է արժանանում։

«Կարծում եմ՝ [Միացյալ Նահանգներում] կողմերը պայմանավորվել են այն հարցերի շուրջ, որոնց մասին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարություններում չի հիշատակվում։ Խոսքը, նախ, ապաշրջափակման մասին է․․․ Լաչինի ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը համաձայնում է Զանգեզուրի ճանապարհին՝ հայկական կողմից, անցակետի տեղադրման հետ․․․ Միացյալ Նահանգներում, իհարկե, ամեն ինչն է քննարկվել։ Կարծում եմ՝ ամերիկյան կողմի համար ապաշրջափակման հարցը ամենասկզբունքայինը չէ, բայց պայմանավորվել դեռևս հաջողվում է հենց այս մասով և որոշակի հումանիտար հարցերի շուրջ», – նշել է Ֆարհադ Մամեդովը։

Տիգրան Գրիգորյանի տեղեկություններով, այս պահին ինտենսիվ բանակցություններ են ընթանում նախևառաջ երկաթգծային ճանապարհի ապաշրջափակման շուրջ, «որովհետև սա, թերևս, ամենահեշտն է, և մենք հիշում ենք, որ այս հարցով կողմերը համաձայնության էին եկել դեռևս 2021-ի դեկտեմբերին՝ Բրյուսելում»։ Չնայած «Լաչինում ստեղծված իրավիճակը անընդունելի է և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի համար», այստեղ այն, հավանաբար «կարող է նպաստել որոշակի փոխզիջման»։

Ամեն դեպքում, երկարաժամկետ կտրվածքով, ըստ Գրիգորյանի, «ոչ ոք չի պատրաստվում հաշտվել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի հետ»։ Բացառված չէ, որ տեղական իշխանությունները կարող են Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման որոշում կայացնել, որովհետև «գործնականում այդ ճանապարհով ազատ և անվտանգ տեղաշարժն անհնարին է»․

«Ինձ թվում է՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հարց է դնելու՝ կա՛մ Ռուսաստանը ապահովում է այդ անցակետի փակումը, կա՛մ հայկական բնակչության Լեռնային Ղարաբաղում մնալը դառնում է խիստ ոչ նպատակահարմար։ Եթե այնտեղ հայկական բնակչություն չլինի, չեն լինի նաև ռուս խաղաղապահներ, և հույս կա, որ Մոսկվան ամեն դեպքում ինչ-որ քայլեր կձեռնարկի»։

Եթե Լաչինում ադրբեջանական անցակետը մնա, ռուսական ամբողջական վերահսկողության մասին նոյեմբերի 9-ի պայմանագրով ամրագրված դրույթն ըստ էության կարելի է չեղյալ համարել։ Իսկ ի՞նչ է լինելու Մեղրիի (Զանգեզուրի) ճանապարհի և դրա նկատմամբ Ռուսաստանի ԱԴԾ ենթադրյալ վերահսկողության հետ։

Ըստ Մամեդովի, այստեղ Բաքուն երկու տարբերակ է ունեցել։ Առաջինը նախնականն էր՝ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքը ընկալում էր որպես Լաչինի միջանցքի հայելային տարբերակ, այսինքն՝ և այնտեղ, և այնտեղ Ռուսաստանի մենաշնորհային վերահսկողությունն է գործում․ «Մենք սրան չկարողացանք հասնել Զանգեզուրյան միջանցքի դեպքում, հետևաբար՝ փոխվեց միջանցքային տրամաբանության ընկալումը, այժմ Ադրբեջանը նորմալ է վերաբերվում նրան, որ Հայաստանը նույնպես անցակետ դնի Զանգեզուրում, իսկ ճանապարհը մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո»։ 

Մոսկվա-Վաշինգտոն

Ինչպե՞ս են ամերիկյան կողմի միջնորդությամբ ընթացող բանակցությունները հարաբերվում Մոսկվա-Բաքու-Երևան եռակողմ բանակցությունների հետ՝ այդքան էլ պարզ է։ Առաջիկայում երկու երկրների արտգործնախարարները մեկնելու են Մոսկվա։ Արդյոք օրակարգը կրկնվելո՞ւ է, թե՞ այն հաջողվել է ինչ-որ կերպ տարանջատել։

Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները ոչ բոլոր հարցերում են համընկնում։

«Օրինակ՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների հարցը։ Չեմ կարծում, որ Մոսկվան առհասարակ հետաքրքրված է սրանով։ Ռուսական կողմն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է պահպանել Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս-քվոն։ 

Մնացած հարցերում, իհարկե, կարող են լինել որոշակի լրացումներ և նույնիսկ համատեղ աշխատանք։ Ինձ թվում է, որ, օրինակ, սահմանազատման և սահմանագծման հարցում Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի դիրքորոշումներում էական տարբերություններ չկան, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույնիսկ որոշակի գաղտնի համատեղ աշխատանք կարող է լինել։

Բայց Ղարաբաղի հարցում, կարծես թե, Մոսկվան և Արևմուտքը հակադիր մոտեցումներ ունեն»։

Մամեդովը ենթադրում է, որ մոսկովյան գալիք բանակցություններին կողմերը տեղեկություններ են փոխանցելու այն մասին, թե ինչ է քննարկվել Վաշինգտոնում, ինչ առաջընթաց և տարաձայնություններ կան, լսելու են Ռուսաստանի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացի բանալին՝ անկախ Արևմուտքի ակտիվացումից, մնում է Մոսկվայի ձեռքում է մնում։