Home / Բանակ / Երևանն ու Բաքուն «ճշգրտվում» են տեղացիների հողերի հաշվին

Երևանն ու Բաքուն «ճշգրտվում» են տեղացիների հողերի հաշվին

Տեղ գյուղում մարտի վերջին դիրքավորված ադրբեջանցիները նույն տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքները․ Տեղի բնակիչները նրանց առանց հեռադիտակի էլ են տեսնում։

Հայկական կողմը գյուղից մի փոքր ներքև հսկիչ կետ է տեղադրել , որպեսզի բնակիչներն ադրբեջանցիների զբաղեցրած տարածքներին չմոտենան։ Հողերի մի մասը անցակետից այն կողմ է մնացել, արոտավայրերը հայտնվել են ադրբեջանցիների ուղիղ դիտարկման ներքո․ գյուղատնտեսական աշխատանքները այս հատվածում դադարեցվել են։

Գյուղացիներից որոշների հողամասերը հայկական անցակետից այն կողմ են մնացել, ոստիկանները հորդորել են այնտեղ չգնալ։ Դաշտի հարևանությամբ ադրբեջանցիների նոր հենակետերն են։

Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել ու սահմանի ճշտման աշխատանք են իրականացրել։ Գրել են, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում «իրավիճակն էականորեն բարելավվել է»։ Տեղում ոչ մի բարելավում էլ չի եղել՝ հակադարձում են գյուղացիները։

Հակառակ ԱԱԾ պնդումներին, Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասում է՝ վերջին բանակցություններից հետո ադրբեջանցիները ոչ մի միլիմետր չեն նահանջել, արդեն 11 դիրք ունեն. – «Բարելավումը նա է, որ իրենք գնան Ջաբրայիլ։ Բարելավումը ո՞րն է… Եկել են մարդկանց հարյուր հիսուն հեկտար հողը վերցրել… Որ կանգնած են, ինժեներական աշխատանքներ են տանում, դա կոչվում է բարելավո՞ւմ»։

«Իմ հողում կանգնած է եղել ռուսը, ռուսը պայմանավորած է եղել թուրքի հետ, որ մենք գնում ենք, դուք եկեք այնտեղ։ Ամսի 29-ին ռուսը դուս է եկել, խրամատները գիշերը քանդել են», –  պատմել է Տեղի բնակիչ Բենիկ Աբալյանը։

 Երևանը ճշտում է, Բաքուն առաջ գալիս

Պաշտպանության նախարարությանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի տարածել Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական ներխուժման մասին։ 

Մարտի 30-ին ԱԱԾ-ն պարզաբանել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին պետք է տեղակայվեին Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի նոր երթուղու երկայնքով։ 

տե՛ս Զորքի առաջ գալը բլոկբաստեր չէ, նոր ճամփեն պատրաստ է. վարչապետ

Խոսքը 2022-ի օգոստոսին Ստեփանակերտի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին է, համաձայն որի՝ Լաչինի միջանցքի նոր երթուղին պետք է շրջանցեր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչին, Աղավնո և Սուս բնակավայրերը։ Քանի որ Հայաստանով անցնող այլընտրանքային ճանապարհի շինարարությունն ավարտված չէր, ժամանակավոր երթուղի էր գործարկվել, որը նախ մտնում էր Հայաստանի, հետո՝ Ադրբեջանի, հետո՝ նորից Հայաստանի տարածք։ Այդ երթուղին վերահսկվում էր ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։

Ապրիլի 1-ին ժամանակավոր ճանապարհը փոխարինվել է մշտականով․ Կոռնիձորի կամուրջից՝ Կոռնիձոր-Տեղ հատվածով, այն մտնում է Հայաստան և անցնում այլևս միայն Հայաստանի տարածքով։ Նոր երթուղին վերահսկվում է Հայաստանի սահմանապահ ուժերի կողմից։

տե՛ս Հայաստան-Արցախ գրունտային այլընտրանքի մասին

Տեղակայման ընթացքում, սակայն, ըստ հայկական ԱԱԾ-ի՝ ի հայտ են եկել «քարտեզների տարընթերցումներ»․ «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ»։

Հայկական կողմը մինչ այժմ հաղորդել է հինգ այդպիսի կետի մասին, որտեղ ադրբեջանական կողմը ըստ ԱԱԾ-ի՝ սահմանից մինչև 300, ըստ ԱԺ իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ մինչև 500 մետր առաջ է տեղակայվել:

Շաբաթ օրը հայտարարվել էր, թե Երևանի և Բաքվի միջև բանակցություններից հետո դիրքային իրավիճակն էականորեն բարելավվել է։ Թե որտեղ և ինչպես է բարլավվել՝ Երևանը չի մանրամասնել։

տե՛ս Հայաստանը տանուլ է տալիս նաև խաղաղությունը

Կոնկրետ մարդկանց հողերն ու ռուսների հեռանալը

Տեղի բնակիչներն ասում են՝ այն հողատարածքները, որոնք դեռևս խորհրդային տարիներին հայկական կողմում են եղել, հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ են։ Գյուղացիներից մեկը, որը մոտ երկու հեկտար հող է «կորցրել», ասում է՝ այդ ցանքատարածքների համար հարկ է վճարել, միշտ էլ իրենցն է եղել, հիմա դրան նույնիսկ մոտենալ չի կարող։

Ադրբեջանցիների առաջախաղացումից հետո մարդիկ նաև արոտավայրերից են զրկվել։

Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցիներն անարգել մտել են Հայաստանի տարածք։

Տեղ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը ավելի վաղ հայտարարել էր՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներն են տեղեկայված եղել, նրանք դուրս են եկել, ադրբեջանցիներն էլ առիթից օգտվել են և առաջ են եկել։

ԱԱԾ-ն, սակայն, ռուսական կողմի մասնակցության մասին որևէ բան չի հաղորդել։