Home / Բանակ / Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել

Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել

Արդեն 29-րդ օրն է՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը երկկողմանի փակ է։ Տասնյակ հազարավոր մարդիկ շրջափակման մեջ են։

Սննդի և դեղորայքի սուր դեֆիցիտ է․ խանութներում արդեն գրեթե ոչինչ չկա՝ միայն խմիչք և թանկարժեք սոուսներ։ Շուկաները վաղուց չեն բացվում։

արդար չեն բաժանում

Մինչև շրջափակումը ամեն օր հարյուրավոր տոննաներով սնունդ, դեղորայք, այլ ապրանքներ էին մտնում Արցախ։ Արդեն գրեթե մեկ ամիս է՝ ոչինչ չի մատակարարվում։

Արցախի կառավարությունը պահուստային պաշարից երբեմն շաքարավազ, ձեթ և նպարեղեն է բաժանում խանութներին։ Տեղացիները դժգոհում են՝ մթերքը արդար չի բաշխվում, ապրանքը ստանում են՝ վայրկյանների ընթացքում անհետանում է: 

Առաջիկա օրերին Արցախում կտրոնային համակարգ է ներդրվելու՝

Արցախի օպերատիվ շտաբի այսօրվա նիստից հետո հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատակազմը․ «Սկզբնական շրջանում [այն] նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար»։

բուժօգնություն

Մանկական դեղորայքը գրեթե սպառվել է։ Շտապօգնության մեքենաները վառելիքի խնդիր ունեն։ Հիվանդներին շրջաններից Ստեփանակերտ տեղափոխելու համար բուժհաստատությունները մարդկանցից բենզին են հավաքում:

Հիվանդանոցները չեղարկել են պլանային վիրահատությունները և անցել հատուկ ռեժիմի՝ ոչ հրատապ բուժծառայությունները հետաձգվում են։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում:

13 երեխա գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում։ Շրջափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 հայ և 4 օտարերկրացի, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

մանկապարտեզները փակ են, դպրոցները՝ բաց

Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով հունվարի 7-ից կասեցվել է նաև մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը։ Հանրակրթական դպրոցները դեռևս բաց են։

հարուստը դժգոհում է հարուստներից

Արցախի բնակչության «90 տոկոսն» այս իրավիճակը ընդունում է «հանգիստ և ճիշտ»՝ հայտարարում է Արցախի նորանշանակ պետնախարար, ճգնաժամային կառավարման հիմնական պատասխանատու Ռուբեն Վարդանյանը։ 

Նա պարբերաբար ուղիղ հեռարձակումներ է անում, որ վստահեցնի՝ Ադրբեջանի հետ բանակցություններ չեն վարում, բայց շարունակում են պայքարել։

տե՛ս Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը

Հունվարի 8-ի ուղիղ հեռարձակման ընթացքում պետնախարարը կիսվում էր իր որոշ մտահոգություններով։ 

Մի քանի անընդունելի դեպքեր են եղել այս ընթացքում՝ ասում էր Վարդանյանը․ «մեծահարուստ մի ընտանիք՝ օգտագործելով իր կապերը, այս օրերին գնացել է հանգստանալու», «մեծահարուստ մեկ այլ անձ երկու տոննա բենզին է ձեռք բերել, որի շնորհիվ իր երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները մեքենաներ են վարում այն պարագայում, երբ Արցախում շտապօգնության մեքենաները վառելիքի խնդիր ունեն», մեկ այլ անձ՝ «ռուս խաղաղապահների ու ուրիշ մեկի հետ համագործակցելով, կարողացել է ուտելիք բերել ու ավելի թանկ գնով վաճառել մարդկանց», «որոշ անձինք փորձում են գումար աշխատել շրջափակված Արցախում»․․․

Վարդանյանը հիշեցրել է՝ կան «կյանքի ճանապարհներ», որոնք թույլ են տալիս քիչ քանակությամբ սնունդ կամ դեղ տեղափոխել Արցախ․ «Այդ հնարավորությունները, որ ստեղծված են, պետք է շատ-շատ զգույշ օգտագործել»։

փակ է, բայց կարող է ավելի փակ լինի

Արցախցիների և հայաստանցիների՝ միջանցքը հատելու բոլոր փորձերը մինչ այժմ տապալվել են։ Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական ճամբար է, երկու կողմերից՝ ռուսական փակ անցակետեր, որոնցով պարբերաբար չստուգվող ռուսաստանյան բեռնատարներ են անցնում։

տե՛ս 30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին

տե՛ս Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել

Երկու շաբաթ առաջ դեռևս հնարավոր էր հասնել ռուս զինվորականներին, որոնք մարդկանց հետ էին ուղարկում՝ պատճառաբանությամբ, որ ի վիճակի չեն ապահովել նրանց անվտանգությունը (այն պարագայում, երբ նրանք այնտեղ կանգնած են ոչ թե ճանապարհը փակելու, այլ հենց անվտանգությունն ապահովելու համար)։

Այժմ ռուս զինվորականներին հարցեր տվող հայերից պաշտպանում են հայաստանյան և արցախյան պոստերը։

Տեղացի զինվորականների պատճառաբանությունները, որոնց մասին պատմում է տեղում աշխատող Epress.am-ի թղթակիցը, նման են պետնախարար Վարդանյանը ասածներին՝ «մի զայրացրեք ռուներին, հիմա գոնե քիչ-քիչ կարողանում ենք դեղ և մթերք անցկացնել, բայց կարող ենք դա էլ կորցնել»։

Պաշտոնական Երևանը պարբերաբար հիշեցնում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է Լաչինի միջանցքը վերահսկելու, մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու պարտականությունը, որը փաստացի չի իրագործում։ Մոսկվայում սա անհարկի կշտամբանք են որակում։

բանակցություններ չկան

Ստեփանակերտից էլ պնդում են, որ Ադրբեջանի հետ ուղիղ շփումներ չունեն․ Բաքվի հետ բանակցում են ռուս խաղաղապահները։ 

Ղարաբաղի իշխանությունները, միևնույն ժամանակ, շեշտում են՝ միակողմանի զիջումների չեն գնալու, շարունակելու են պայքարել։ Թե ինչ զիջումների մասին խոսքը՝ ստույգ հայտնի չէ։ Անորոշ է նաև չինովնիկների հիշատակած «պայքարի» բովանդակությունը։

Հունվարի 7-ին, ի դեպ, Ղարաբաղի նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը (որի անունը առավել հաճախ հիշատակվում էր Ղարաբաղ-Ադրբեջան նախկին շփումների և ռուս խաղաղապահների հետ այս օրերին տեղի ունեցող քննարկումների կոնտեքստում)։ Բալասանյանին այս պաշտոնում փոխարինել է Արարատ Մելքումյանը (հայտնի է Չոլկա մականվամբ), որը 44-օրյա պատերազմից հետո գեներալ-մայորի կոչում էր ստացել և դարձել Ղարաբաղի ԱԱԾ առաջին փոխտնօրեն։

Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանցի «էկոակտիվիստները» (պետֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, պետական աշխատողներ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ) պահանջում են «դադարեցնել ընդերքի ապօրինի շահագործումը»՝ նկատի ունենալով Դրմբոնի և Կաշենի հանքերը, որոնք գտնվում են Ստեփանակերտի վերահսկողության տակ և որոնց շահագործման իրավունքը Բաքուն վաղուց վաճառել է բրիտանական «Anglo-Asian Mining» կորպորացիային։ 

տե՛ս Միջանցք փակելը նաև ոսկու մասին է

Օրեր առաջ Արցախի իշխանությունը հայտարարել է, որ Կաշենի հանքավայրը դադարեցնում է իր գործունեությունը. «որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»:

Ճանապարհը, այնուամենայնիվ, այդպես էլ չի բացվել։ Ռուսական կողմը շարունակում է խոսել առաջընթացի բացակայության մասին։ Թե կոնկրետ ի՞նչ պահանջներ են դրված սեղանին՝ հայտնի չէ։

տե՛ս Աշխարհն ու ՌԴ-ն պետք է մի բան անեն Լաչինում

Ստեփանակերտից ահազանգում են՝ Ադրբեջանի «հանքասիրությունը» արդեն վաղուց էթնիկ զտման է նմանվում, ճանապարհի արգելափակումը նոր ռազմավարություն է, որը ուղղված է Արցախի հայաթափմանը։

տե՛ս Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել

Ռուսական կողմն էլ՝ երկրորդելով Ադրբեջանի հայտարարություններին, պարբերաբար շեշտում է՝ «Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն [նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ] նշված նպատակների համար», և հույս հայտնում, որ «կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցում»։