«Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը, հայտնում է Արցախի կառավարությունը:
«Բեյզ Մեթըլս» ընկերությունը Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործողն է։
«Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։
Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար», – ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից ի վեր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Սկզբում ադրբեջանցի «բնապահպանները» հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: