Կարմիր Խաչի ուղեկցությամբ 3 հիվանդ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, նրանք արդեն օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում։
Շրջափակման պատճառով 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 21 հոգի, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում են: Բլոկադայի ընթացքում երկու հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից ի վեր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Պաշտոնական տվյալների համաձայն, 120 հազար մարդ շրջափակման մեջ է ապրում, հազարից ավելը մնացել ճանապարհին։ Մատակարարումները խափանված են, խաթարված է նաև բուժհաստատությունների աշխատանքը։ Սննդամթերքի և վառելիքի դեֆիցիտի պատճառով Ստեփանակերտը անցել է խնայողական ռեժիմի։ Արցախի կառավարությունը այժմ սննդի ու դեղերի շրջանառության հատուկ ռեժիմ է սահմանում՝ կտրոնային համակարգ։