Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օր ժամկետով:
Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 13-ին առաջարկել էր հրաժարվել եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար։
«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով», – ասվում է նախագծի որոշման մեջ։
Նախատեսվում է նաև ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ ոչ ավելի, քան 7 օր ժամկետով:
Վարժական հավաքների բազմաթիվ խնդիրների մասին պարբերաբար ահազանգում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։ Կառավարությունը հայտարարում է, թե վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական վերապատրաստումն է։ Զորակոչված պահեստազորայինները, սակայն, տարվում են մարտական դիրքեր, այդ թվում՝ սահմանամերձ։ Քաղաքացիները դժգոհում են՝ հավաքների կազմակերպիչները հաշվի չեն առնում ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ աշխատանքային պայմանները։
Հիշեցնենք՝ 2022 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունը հայտարարել է չորս վարժական հավաք։ Առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 պահեստազորայինի մասնակցությամբ, երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի մասնակցությամբ, երրորդը՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը՝ 1444 պահեստազորայինի մասնակցությամբ, իսկ չորրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 318 պահեստազորայինի մասնակցությամբ։