Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ամփոփած տեղեկությունների՝ 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 51 զինծառայողի մահվան դեպք: Այն չի ներառում 2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը:
Մահվան 51 դեպքերի պատճառներն են.
— 15-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
— 12-ը՝ ավտովթար,
— 12-ը՝ առողջական խնդիրներ,
— 6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
— 3-ը՝ սպանություն (1-ը՝ ԶՕԿ, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում, 1-ը սպանություն այլ անձի կողմից՝ ծառայության հետ չկապված),
— 2-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ հոսանքահարում, 1-ը՝ ջրահեղձում),
— 1-ը՝ զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտում/ այրվածք հրդեհի հետևանքով։
2022 թ․-ին արձանագրված մահացության դեպքերից մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 29%-ը, իսկ 71%-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24%-ը՝ առողջական խնդիրների, 11%-ը՝ ինքնասպանության, 6%-ը՝ դժբախտ պատահարի, 6%-ը՝ սպանության։
Անդրադառնալով սահմանային իրադրությանը 2022 թվականի հունվար – սեպտեմբերի ամիսներին՝ կարող ենք արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը հատկապես սրվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ հանգեցնելով 200-ից ավելի զոհերի, 300-ից ավելի վիրավորների։
2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ հոկտեմբերի 14-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների, զոհվել կամ անհայտ կորած են ավելի քան 210 հոգի։
ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 20-ին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ 201 մարմին նույնականացվել է։ Զոհվածների թվում են 5 կին զինծառայողներ։ Վիրավորվել է 293 զինծառայող, 8 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետի հոկտեմբերի 19-ի հրապարակած տվյալներով՝ 29 զինծառայող դեռևս անհայտ կորած է։
Նշենք, որ Կազմակերպությանը պաշտոնական այլ աղբյուրից հայտնի է դարձել ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մեկ զինծառայողի մահվան դեպքի մասին։ Սույն դեպքը ներառված չէ մահվան դեպքերի ընդհանուր թվի մեջ, քանի որ նախկինում Կազմակերպությունը ՀՀ ԱԱԾ ՍԾ զորքերի զինծառայողների մահվան դեպքերի թվի վիճակագրություն չի վարել։