Միջազգային լրատվամիջոցներում որպես «աշխարհի ամենակեղտոտ մարդ» հայտնի իրանցի Հաջի քեռին 94 տարեկանում մահացել է։
Հաջի քեռին, ով բնակվում էր Իրանի Ֆարս մարզում, ավելի քան կես դար կտրականապես հրաժարվում էր լողանալ, քանի որ վախենում էր, որ ջրից և օճառից կարող էր մահացու հիվանդանալ։ Մի քանի ամիս առաջ, սակայն, գյուղացիները համոզել էին նրան լողանալ, ինչից հետո Հաջի քեռին թուլացել ու հյուծվել էր, իսկ կիրակի օրը՝ մահացել։
Հաջի քեռին սնվում էր ճամփեզրին սատկած կենդանիներով և ծխում էր կենդանիների չորացած արտաթորանքով լցված ծխամորճ։ Այնուամենայնիվ, տեղի բժիշկներն ասում էին, որ նա առողջ էր, չնայած՝ հիգիենային չէր հետևում։
Իրանական Tasnim գործակալությունը գրում է, որ Հաջի քեռին սովորաբար կարճեցնում էր իր մորուքը վառելով, քնում էր գերեզմանափոսի տեսք ունեցող մի վայրում, իսկ ձմեռներն ապրում էր հասարակ խրճիթում, որ իր համար կառուցել էին բարեհոգի հարևանները։
Հաջի քեռին նաև ծխախոտի մեծ երկրպագու էր, և ծխում էր միաժամանակ մի քանի հատ։
Տեղացիները հարգում էին Հաջիին և նրա կենսակերպը։ Այնուամենայնիվ, մի քանի տարի առաջ մի խումբ երիտասարդներ նրան մեքենա էին մտցրել և փորձել տանել նրան ստիպողաբար գետում լողանալու։ Սակայն երբ Հաջին հասկացել է, որ իրեն լողանալու են տանում, դուրս է թռել մեքենայից և փախչել։