Home / Բանակ / Հայաստանը չի կանխել լեյտենանտի մահը․ ՄԻԵԴ

Հայաստանը չի կանխել լեյտենանտի մահը․ ՄԻԵԴ

Հայաստանի իշխանությունները չեն կանխել ծաղրանքի ենթարկված լեյտենանտի մահը և ձախողել են անաչառ հետաքննությունը՝ 2010 թվականին բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։

Դատարանը արձանագրել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը․

Նյութաիրավական մասով՝ կյանքի իրավունք։ Հայաստանյան հետաքննության համաձայն, կապիտան Հ.Մ.-ն ուրիշների ներկայությամբ ծեծի էր ենթարկել լեյտենանտ Նազարյանին՝ «հարված հասցնելով նրա արժանապատվությանը և ստեղծելով անառողջ բարոյական միջավայր զորամասում», ինչի հետևանքով լեյտենանտը դաժան վերաբերմունքի էր ենթարկվել իր իսկ հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Նազարյանի վերադասները և ծառայակիցները գիտեին կամ պետք է իմանային ինքնասպանության վտանգի մասին, բայց ողբերգությունը կանխելու համար ոչինչ չեն ձեռնարկել։

Ընթացակարգային մասով՝ արդյունավետ հետաքննություն անցկացնելու պարտավորություն։ ՄԻԵԴ-ը նշել է, որ հետաքննությունը թույլ է տվել մի շարք լուրջ անճշտություններ, որոնք հայաստանյան դատավարությունների ընթացքում, ապա՝ Կառավարության կողմից Եվրոպական ատյանին ներկայացված բացատրություններում պատճառաբանվել են որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետևանք։

Գործում առկա անհամապատասխանությունները մատնանշում են կոպիտ թերություններ, օրինակ՝ դիակի վրա հայտնաբերվել են մի շարք ոչ հրազենային վնասվածքներ, սակայն այդ վնասվածքների համար համապատասխան բացատրություն չի տրվել։ Պաշտոնական վարկածի համաձայն, Նազարյանն ինքնասպան է եղել՝ ինքնաձիգից կրակելով իր բերանի մեջ։ ՀՀ իշխանությունների հետաքննությունը չի կարողացել բացատրել այն փաստը, որ լեյտենանտի ինքնաձիգի բոլոր փամփուշտները տեղում են եղել:

Նազարյանի հարազատները կասկածի տակ էին դնում ինքնասպանության վարկածը: Եվրոպական դատարանին ներկայացված գործը, սակայն, թույլ չի տվել պաշտպանել ենթադրությունը, որ լեյտենանտին սպանել են: Դատարանն, այնուամենայնիվ, ընդգծել է՝ «պետությունը պատասխանատվություն է կրում ծառայության ընթացքում ինքնասպանության գնացած զինվորի համար, որը ենթարկվել է նվաստացման ու վատ վերաբերմունքի»:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին  20 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում և 3500 եվրո ծախսերի փոխհատուցում վճարել Նազարյանի մորն ու քրոջը՝ Ծովինար Նազարյանին և Հասմիկ Հովհաննիսյանին։

Արտակ Նազարյանը զոհվել է 2010թ․ հուլիսի վերջին՝ Տավուշի մարզի մարտական դիրքերում։ Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, ընտանիքը, սակայն, մատնացույց անելով քրեական գործի մի շարք հանգամանքներ, պնդում է, որ Արտակին սպանել են։  Ներպետական ատյաններում հանցանքը բացահայտելու հնարավորությունը սպառելով՝ Արտակ Նազարյանի հարազատները 2014թ․ մարտի 3-ին դիմել էին ՄԻԵԴ։

Լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր էին ճանաչվել նրա հինգ ծառայակիցները. 2013֊ին դատարանը նրանց դատապարտել է 3-10 տարվա ազատազրկման: