Քեզ որոշ իրե՞ր են պետք, առևտրի մեքենան էլ առիթից օգտվելով քեզ ամբողջ ուժով համոզում է գնումներ անել, փող ծախսել ու սպառել։ Առաջարկում ենք չշտապել ու չընկնել սպառողական համակարգի ճիրանները։ Համոզված ենք՝ քեզ անհրաժեշտ իրերը ինչ-որ մեկի անհամբեր քեզ են սպասում։ Դուք իրար հնարավորություն կունենաք գտնել Ձրի շուկայում` նոյեմբերի 12-ին , շաբաթ օրը, ժամը 15:00-20:00 Տուն – Տեղ սրճարանոմ (Մաշտոցի պողոտա 5/4):
Դու նո՞ւյնպես տանը իրեր ունես, որ արդեն մի քանի տարի է՝ չես օգտագործել, և դրանք տեղ են զբաղեցնում՝ փոշի կուտակելով ու ցեցերի կերակուր դառնալով։ Կարծում ես՝ դրանք քեզ այլևս պետք չեն, բայց պիտանի են, թափելն էլ ափսո՞ս է: Հենց շուկայի անցկացման ընթացքում կարող ես բերել դրանք, թողնել այլ նմանատիպ իրերի կողքին։
Ձրի շուկան մի վայր է, որտեղ կարող ես գտնել ու անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր և/կամ թողնել իրեր, որոնք է՛լ քեզ պետք չեն։ Միևնույն ժամանակ Ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու տեղ չէ։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ կարող ենք կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով, լավ ժամանակ անցկացնել մի բաժակ թեյի շուրջ ու քննարկել, թե ինչպես է սպառողական համակարգը կործանում շրջակա միջավայրը, բերում տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործման։
Եթե դուք չունեք բերելու ոչինչ, խնդիր չէ՝ այստեղ փոխանակությամբ չեն զբաղվում և գին չեն որոշում. պարզապես վերցրեք այն, ինչն այլևս պետք չէ տիրոջը։
Ձրի շուկայի ավելի հաճելի ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ «սկզբունք».
– եթե համարում եք, որ ձեր իրը պիտանի չէ օգտագործման համար, դեն նետեք այն, մի ծանրաբեռնեք այլոց։
– Եթե ձեր իրը թերի է, նշեք դրա թերությունները թղթիկի վրա և փակցրեք իրին․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում։
– Եթե բացի ձեզանից նույն իրն ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/օգտակար, «ղուշ թե գիր» կամ «չին-գա-չունգ» խաղալ, զիջել այն
Հարցերի դեպքում կարող եք զանգել՝ 093 402849 Անի, 077 244541 Լունա